Փաշինյանի պատասխանն՝ Ալիևին. Բաքվի վիճակն աննախանձելի է դառնում

ԱԺ-ում պատասխանելով պատգամավոր Տաճատ Վարդապետյանի հարցադրմանը՝ կապված  Ալիևի՝ օգոստոսի 12-ին Բաքվում ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ ունեցած հանդիպման ընթացքում հնչեցրած հայտարարությունների հետ՝ վերաբերող Հայաստանին, Փաշինյանը հայտարարել է, որ ինքը պատրաստ է լիարժեքորեն ներգրավվել բանակցային գործընթացում՝ միևնույն ժամանակ վերահաստատելով ռուսական «Կոմերսանտին» օրերս տված հարցազրույցում հնչեցրած իր այն միտքը, որ իրավասու չէ բանակցություններ վարել Արցախի անունից: «Շատ պարզ հարց ենք դնում մենք. մենք ասում ենք՝ մենք բանակցում ենք ուղղակի բանակցելո՞ւ, թե՞ հարցը լուծելու համար: Եթե մենք բանակցում ենք հարցը լուծելու համար, ապա ինչպե՞ս ենք պատկերցանում հարցի լուծումն առանց հակամարտության կողմի: Եթե մենք բանակցում ենք բանակցելու համար,  ապա մենք պատրաստ ենք նաև այդպիսի ֆորմատով բանակցել, բայց քանի դեռ չի արձանագրվել Արցախի ժողովրդի ներկայացուցչի ներգրավման անհրաժեշտությունը, նշանակում է՝ մենք ընդհանրապես չենք մոտեցել հարցի կարգավորմանը»,-ԱԺ բարձր ամբիոնից հայտարարել է Փաշինյանն ու բանակցային գործընթացին խանգարող ամենակարևոր գործոն է համարել Ադրբեջանի ռազմատենչությունը, ապակառուցողական մոտեցումները՝ ևս մեկ անգամ հաստատելով Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակելու բանակցությունները: Հիշեցնենք, որ Ալիևը, մասնավորապես, հայտարարել էր՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն «իր հակասական հայտարարություններով» իբր ամեն կերպ ձգտում է տապալել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով բանակցային գործընթացը: Ալիևը հայտարարել էր նաև, որ Լեռնային Ղարաբաղի հետ բանակցություններ անցկացնելու Հայաստանի վարչապետի հնչեցրած թեզն անընդունելի է՝ աննպատակահարմար համարելով Փաշինյանի հայտարարությունն առ այն, որ յոթ շրջանները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մաս են, միևնույն ժամանակ կոչ անելով ճնշում բանեցնել Հայաստանի վրա: Իրականում Ադրբեջանի նախագահի հայտարարությունները վկայում են մեկ բանի մասին՝ Ադրբեջանում այժմ խուճապ է, ու այնտեղ չգիտեն, թե ինչպես է պետք վարվել ՀՀ նոր ղեկավարության հետ: Փաշինյանի նոր մարտավարությունը, որն ակնհայտորեն համաձայնեցված է Պուտինի հետ, իսկական գլխացավանք է դարձել ադրբեջանական դիվանագիտության համար. փակուղային իրավիճակի մեղավոր է  դառնում Ադրբեջանը, որը, պարզվում է, մերժելով Արցախին, ընդդեմ գնալով Արցախի՝ բանակցային գործընթացին միանալու Երևանի առաջարկությանը, փաստացի պատասխանատվություն է ստանձնում բանակցությունների իմիտացիայի համար կամ, առհասարակ, դրանց ֆիզիկական բացակայության: Փաշինյանը, փաստորեն, հայտարարում է, որ Երևանը պատրաստ է ոչ թե իմիտացիա առաջացնելուն, այլ կոնկրետ գործնական քայլերով խնդրի լուծմանը հասնելուն, բայց եթե Ադրբեջանի միակ երազանքը բանակցությունների իմիտացիա ստեղծելն է ու այդպիսով աշխարհին ու սեփական հասարակությանը խաբելն, ապա Փաշինյանը խնդիր չի տեսնում. մեղքն՝ Ադրբեջանի վիզը: Երևանը պատրաստ է բանակցությունների մեջ մտնելուն, սակայն բոլորը պետք է հասկանան, որ բանակցույունների իմիտացիա ստեղծելու ջատագովը ոչ թե Երևանն է, ինչպես շարունակաբար հայտարարել է Բաքուն ու մեղադրել, այլ հենց Ալիևը: Այսպիսով՝ Երանն, ըստ էության, մատնացույց է անում այն հիմնական մեղավորին, որի պատճառով արցախյան հակամարտությունն այսքան երկար ձգձգվում է ու, ըստ էության,  դեռ ձգձգվելու է. Երևանը միջազգային ճնշման ալիքն ուղղում է Բաքվի ուղղությամբ՝ նույն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողներին մատնացույց անելով Ադրբեջանի անհանդուրժողականությունն ու հետադիմական վարքագիծը, որի առաջին զոհերից մեկը հենց միջազգային հանրությունն է: Եթե աշխարհը ցանկանում է հակամարտության խնդրի լուծում, ապա պետք է ստիպի Արդբեջանին ընդունել Արցախի ներկայացուցչի ներկայության անհրաժեշտությունն ու անխուսափելիությունը բանակցային սեղանի շուրջ: Norlur.am  
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.