Փաշինյանը պետք է հետևություններ անի

Մոսկվայի «Արարատ Պարկ Հայաթ» հյուրանոցում Փաշինյանի ու ռուսահայ գործարարների ունեցած հանդիպումը դարձել է լայն քննարկման առարկա, ինչը, թերևս, միանգամայն բնական է, քանի որ ըստ էության, խոսք է գնում Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարայնության, ներդրումների լինել-չլինելու մասին: Պետք է արձանագրել, որ Փաշինյանի հանդիպումը չնայած չի կարելի ձախողված համարել, սակայն միևնույն ժամանակ անհնար է այն կոչել նաև հաջողված. միայն Ռուբեն Վարդանյանի կողմից հնչեցրած հարցերի տարափն ու նույնիսկ կշտամբանքը բավարար են հասկանալու համար, որ հեղափոխված Հայաստանի նկատմամբ առկա ընկալումները, մեղմ ասած, հակասական են: Անկախ այն հանգամանքից, թե կա՞ր, արդյոք, Վարդանյանի՝ Փաշինյանի հասցեին փաստացի հնչեցրած մեղադրանքներում աշխարհաքաղաքականություն, թե՞ ոչ,  և կամ արժե՞, արդյոք, այդ ամենում տեսնել կրեմլյան շրջանակների կողմից Փաշինյանին արվող տհաճ ակնարկներ, թե՞  տեղի ունեցածը պարզապես Ռուբեն Վարդանյանի սրտացավության արդյունք էր, փաստը մնում է փաստ, որ Հայաստանում վերջին ամիսներին արտաքին կապիտալաներդրումների աշխուժացում չի նկատվում, գործարարները չեն շտապում գալ ու այստեղ ներդրումներ անել: Պատճառներն, իհարկե, տարբեր են՝ աշխարհաքաղաքականից մինչև հարկային օրենսդրություն: Փաշինյան-ռուսահայ գործարարներ հանդիպումից պարզ դարձավ, որ առնվազը մինչև Հայաստնում անցումային փուլի հաղթահարումը կոնկրետ ՌԴ-ից կապիտալանեդրումների հույս ունենալ պետք չէ. Ռուբեն Վարդանյանի կողմից բարձրաձայնված հարցերը սպասում են իրենց պատասխաններին, ու սա  այն դեպքն է, երբ այդ հարցերի շրջանակի լայնությունը պայմանավորված չէ ասենք միայն Ռուբեն Վարդանյանի՝ հայկական հեղափոխության հանդեպ ունեցած անվստահությամբ. դրանց բացարձակ մեծամասնությունը կրում են միանգամայն օբյեկտիվ բնույթ ու իսկապես օրհասական են: Բոլոր դեպքերում միանշանակ է, որ Հայաստան ներդրումներ բերելը բավական բարդ գործ է լինլեու նույնիսկ այս իշխանությունների համար, քանի որ խնդիրը ոչ միայն կոռուպցիայի վերացման մեջ է, այլև երկրի ընդհանուր բիզնես գրավչության՝ գլոբալ իմաստով: Կարևոր է նաև հասկանալ, որ որքան հնարավոր է արագորեն պետք է հաղթահարվի անցումային փուլն ու Հայստանը պետք է ունենա այնպիսի բացառիկ առավելություններ, որոնք մրցակցային կդարձնեն մեր երկիրը ոչ միայն հայկական ձագմամբ գործարարների, այլև օտարների մոտ: Ունի՞ Հայաստանն այդ պոտենցիալը, թե՞ ոչ՝ ահա հարցերի հարցը: Norlur.am
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.