ՄԱՍՆԱՎՈՐ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ ԸՆՏՐԱԿԱՇԱՌՔՆ ԱՐԳԵԼՈՂ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Կառավարությունն Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը: Նախածի 6-րդ հոդվածով (Քրեական օրենսգրքի 154.2 հոդվածի վերաբերյալ) քրեականացվում են մի շարք արարքներ, որոնց հանրային վտանգավորությունը համարժեք է գործող օրենսգրքով քրեականացված արարքներին: Խոսքը գնում է ընտրողի կողմից կաշառքի առաջարկը կամ խոստումը ընդունելու, ինչպես նաև ընտրողին կաշառք առաջարկելու մասին: Ազգային ժողովում օրինագծի քննարկման ժամանակ մտահոգություն և տարակուսանք էր հնչում «խոստումն ընդունելու» և «առաջարկն ընդունելու» հասկացությունների անորոշության, օբյեկտիվ կողմից արարքը որակելու և այն ապացուցելու դժվարությունների մասին: Արտահայտվեց կարծիք, որ 154.2 հոդվածի՝ նախագծով առաջարկվող խմբագրությունը սպառնում է ընտրողների անվտանգությանը: Կաշառքի առաջարկը կամ խոստումը ընդունելը քրեականացնելու նախաձեռնություն ցուցաբերվում է ոչ առաջին անգամ, իհարկե խոսքը ոչ թե ընտրակաշառքի, այլ կաշառքի մասին է, որը ստանալը, ինչպես և կաշառքի առաջարկը կամ խոստումն ընդունելը պատժելի է գործող օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով: Հիշյալ արարքները քրեականացվել են 2011 թվականին՝ հիմք ընդունելով «Կոռուպցիայի մասին քրեական իրավունքի» կոնվենցիայի 3-րդ և 8-րդ հոդվածների պահանջները: Ազգային ժողովը քրեականացրեց թե պետական պաշտոնյաների, թե առևտրային կազմակերպությունների պաշտոնյաների կողմից այսպես կոչված «պասիվ կաշառակերությունը»: Հստակեցնեմ, որ պասիվ կաշառակերություն ասելով կոնվենցիան նկատի ուներ հենց կաշառք պահանջելը, կաշառքի առաջարկը կամ խոստումը ընդունելը: Այդ ժամանակ, այդ թվում՝ պառլամենտում որևէ մեկը չէր բարձրաձայնում մարդու իրավական անվտանգության սպառնալիքների, արարքի ապացուցման կամ բացահայտման դժվարությունների, հասկացությունների անորոշության և այլնի մասին: Այժմ սակայն, նույնաբովանդակ իրավակարգավորման վերաբերյալ արդեն հրապարակ են իջնում «տատիկ-պապիկների», «հարևանների կանանց» և մյուս բարեխիղճ մոլորյալների վերաբերյալ կարճամետրաժ մանրապատումներ: Իսկ ի՞նչ է անում կառավարությունն օրինագծով. գնահատելով ընտրակաշառքի բարձր հանրորեն վտանգավորությունը, փորձում է ամրագրել քրեաիրավական կարգավորման այնպիսի եղանակներ, որոնք նույնական են կոռուպցիայի քրեաիրավական կանխարգելման եղանակների հետ: Պարզ ասած, կաշառքի առաջարկը կամ խոստումն ընդունելը քրեականացնելը միտված է ավելի վաղ փուլում կանխելու ընտրակաշառքի ստացումը, այսինքն՝ հանցագործության ավարտի պահը տեղափոխել ավելի վաղ փուլ: Ոչ մի քաղաքացի կաշառքի առաջարկը կամ խոստումն ընդունելու համար պատասխանատվության չի ենթարկվելու, եթե հանցակազմի օբյեկտիվ և սուբյեկտիվ հատկանիշների առակայությունը հավաստելու համար բացահայտված չլինի ընտրակաշառքի առաջարկը կամ խոստումն ընդունելու կոնկրետ և իրական լինելը: Այսինքն, խոսքը գնում է գիտակցված, կամային, հակաիրավական, հանրորեն վտանգավոր արարքի կատարման մասին, որն ուղղված է թեկնածուներից, կուսակցություններից, հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից որևէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու կամ հոդվածում նշված այլ հանցավոր նպատակներով պայմանավորվածության ձեռքբերմանը: Կոնկրետությունն ենթադրում է հստակություն ընտրակաշառքի առարկայի, չափերի, պայմանավորվող գործողության բնույթի մասին: Իրական լինելը գնահատելիս իրավապահ մարմինը հաշվի է առնելու գործի բոլոր փաստական հանգամանքները, ընտրակաշառքի առաջարկը կամ խոստումն ընդունելու ինտենսիվությունը (պայմանավորվածության վերստին հաստատումը), իրադրությունը, տեղը, ժամանակը, ընտրակաշառքի առաջարկը կամ խոստումն ընդունելուն հաջորդող գործողությունների բնույթը և այլ հանգամանքներ: Ցանկացած չփարատված կասկած՝ ընտրակաշառքի առաջարկը կամ խոստումն ընդունելու իրական կամ կոնկրետ չլինելու վերաբերյալ, մեկնաբանվելու է հօգուտ կասկածվող քաղաքացու: Իրավապահ մարմինն ընտրակաշառքի առաջարկը կամ խոստումն ընդունելու կասկածի հիմնավոր չլինելու պայմաններում չպետք է ձեռնարկի օպերատիվ-հետախուզական տեղեկությունների իրացում կամ հարուցի քրեական հետապնդում, սակայն օրենքով թույլատրված ձևերով փորձելու է տեսադաշտում պահել կասկածվող անձանց հետագա վարքագիծը: ՀՀ Սահմանադրական դատարանը իր 19.11.2013թ. ՍԴՈ 1124 որոշմամբ անդրադառնալով կաշառքի (ոչ ընտրակաշառքի) առաջարկը կամ խոստումն ընդունելու ձևակերպումներին, որևէ ակնարկ չի արել դրանց անորոշության կամ չապացուցելիության վերաբերյալ, ինչը կարևոր հանգամանք է: Եթե օրենսդիրը պաշտոնյայի պարագայում կաշառքի առաջարկը կամ խոստումն ընդունելը համարել է կոռուպցիայի կանխարգելմանը բարենպաստող և ապացուցելի արարք, ապա ինչ՞ու պետք է քաղաքացու պարագայում ունենա տրամագծորեն հակառակ կարծիք: Թյուր տեսակետ է, թե կաշառք ստանալը, կաշառք պահանջելը (որոնք արդեն իսկ քրեականացված են) ապացուցելն ավելի հեշտ է, քան թե կաշառքի առաջարկը կամ խոստումն ընդունելն ապացուցելը: Բոլոր էլ ունեն հավասար լատենտայնություն ու հայտնի չափով դժվար ապացուցելի են: Խոսեք օպերատիվ ստորաբաժանումների փորձառու ծառայողների կամ Հատուկ քննչական ծառայության քննիչների հետ….: Չարժե դեմոնիզացնել ու քաղաքականացնել օրինագիծը, մարդկանց անվստահություն ներշնչել և այլն: Եթե բացակայում է հավատն առ դատարաններն, իրավապահ մարմինները կամ քաղաքական կամքի առկայությանը, ապա քննարկվող օրինագծի չընդունումը հավատադարձին չի օգնելու: P.S. Որպես օրինակ հավելեմ, որ Ուկրաինան իր քրեական օրենսգրքի 160-րդ հոդվածով քրեականացրել է ընտրակաշառքի առաջարկը կամ խոստումն ընդունելը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.