Վլադիմիր Գասպարյանը ոչ ոքի առանձնատանը չի տիրացել, նախկին սեփականատերերն իրար հետ գումարային խնդիրներ ունեն, ինչը փորձում են այս կերպ լուծել. փաստաբան

ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատան վերաբերյալ հոդվածի հիման վրա քրեական գործ հարուցելու հիմք չկար: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Վլադիմիր Գասպարյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը՝ անդրադառնալով Հատուկ քննչական ծառայությունում «Հետք»-ի հոդվածի հիման վրա քրեական գործ հարուցելուն: «Եթե հարուցել են քրեական գործ, դրանում ոչ մի խնդիր չենք տեսնում, որովհետև ճշմարտությունը պարզ դառնալուն պես նախաքննական մարմինն այդ գործն արագ կկարճի: Ես վստահ ասում եմ, որ Վլադիմիր Գասպարյանը ոչ ոքի գույքին չի տիրացել, դա բացառվում է: Տունը ձեռք է բերել իր ընկերը, ամբողջ գումարը վճարել է՝ 2 մլն դոլարից ավել, ուղղակի կան մարդիկ, ովքեր եղել են սեփականատերեր, իրար մեջ գումարային խնդիրներ ունեն և շահարկելով Վլադիմիր Գասպարյանի անունը՝ փորձում են ինչ-որ խնդիրներ լուծել: Հաստատապես բացառում եմ, որ շահարկելով իր դիրքը՝ Վլադիմիր Գասպարյանը տուն է ձեռք բերել, դա պարզապես ծիծաղելի է»,-ասաց Աթանեսյանը: Փաստաբանի խոսքով՝ տան նախկին սեփականատերերը մարդիկ են, ովքեր որևէ առնչություն չունեն հեղափոխության հետ, ուղղակի օգտագործելով երկրում ստեղծված իրավիճակը՝ փորձում են իրենց ֆինանսական խնդիրները լուծել, որոնց հետ Վլադիմիր Գասպարյանը որևէ առնչություն չունի, չի ունեցել ու չի կարող ունենալ. «Մարդիկ պարզապես այս կերպ փորձել են իրենց խնդիրները լուծել, որն անիմաստ է»: Հիշեցնենք, որ «Hetq.am» լրատվական կայքում հրապարակված «Վլադիմիր Գասպարյանը 200 հազար դոլարով դարձել է 3 մլն դոլարանոց առանձնատան տեր» վերտառությամբ հոդվածի հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 309-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ` առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու և պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.