Կարելի է լավաշը կամ մուրաբան դնել կուսակցության նշանով տոպրակի մեջ ու բաժանել. վարչապետը կոչ արեց հստակեցնել «քարոզչական նյութ» հասկացությունը

Այսօր ժամանակավոր, համաձայնության կառավարության նիստին քննարկվեց «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը: ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը նշեց, որ խնդիր են տեսնում 184 հոդվածում իրեղեն ապացույցի ձևակերպման հետ: «Ես կառաջարկեի այս տերմինը փոխարինել այլ հասկացությամբ, օրինակ՝ փաստը հավաստող որևէ նյութ»,- ասաց նա: Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը նկատեց, որ նշված է, թե ընտրակաշառք չեն համարվելու ընտրությունների համար նախապատրաստված հուշանվերները: «Նախկինում ընտրությունների դիտարկումները ցույց են տալիս, որ ԿԸՀ-ն այսպիսի քարոզչանյութերի վերահսկողություն չի կարողանանում ունենալ»,- ասաց նա: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայնեց և ավելացրեց, որ առկա ձևակերպումից արգելվում է անհատույց կամ արտոնյալ պայմաններով դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ բաժանելը, բացառությամբ կուսակցության կամ թեկնածուի անվանումը կամ խորհրդանիշը բովանդակող և նվազագույն աշխատավարձի եռապատիկը չգերազանցող արժեքով ապրանքների: «Ես ասեմ, որ մեր պատմական փորձը հաշվի առնելով՝ երեք հազար դրամը բավականին գումար է կուսակցության նշանով լավաշ կամ մուրաբա կամ ալյուրի պարկ բաժանելու համար. կամ ենթադրենք՝ երեք հազար դրամ դնեն տոպրակի մեջ կուսակցության նշանով բաժանեն, կամ երեք հազար դրամով դիզվառելիք թեկնածուի պատկերով: Ձևակերպումը տարընթերցման տեղիք է տալիս, պետք է հստակ նշել: Եկե՛ք չթերագնահատենք ընտրակեղծարարների կրեատիվ միտքը»,- ասաց նա: Արտակ Զեյնալյանն ասաց, որ չի կարծում՝ լավաշի վրա կկարողանան պատկեր ստանալ, իսկ վարչապետը նշեց, որ լավաշը դնում են տոպրակի մեջ, պատկերն էլ կպցնում են: Արտակ Զեյնալյանը նշեց, որ դա բարեգործության տակ է մտնում: Արտակ Զեյնալյանը նշեց, որ քրեական իրավունքի ոլորտի մասնագետների հետ կքննարկեն, թե արդյոք այն աստիճան ոչ որոշակի է ձևակերպումը, որ խնդիր կարող է առաջացնել, և խնդիրը կձևակերպեն: Վարչապետը նշեց, որ պետք է հստակեցվի: Այսպիսով, բուռն քննարկումից հետո նախագիծն ընդունվեց։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.