Արտակ Բեգլարյանն ընտրվել է Արցախի կույրերի միավորման կազմակերպության նախագահ

Արցախի Հանրապետության կույրերի միավորման համագումարում Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար Արտակ Բեգլարյանն ընտրվել է կազմակերպության նախագահ: Այս մասին Բեգլարյանը տեղեկացրել է ֆեյսբուքյան գրառմամբ: «Պատասխանատու և դժվար պարտավորություն եմ ստանձնել, քանի որ Արցախում շուրջ 1000 տեսողության խանգարումներ ունեցող անձ կա, որոնց շահերն ու իրավունքները պետք է ներկայացնեմ տարբեր տեղերում»,- գրել է Բեգլարյանը: Նա նաև հավելել է. «Դրան զուգահեռ՝ միավորումը գրեթե ոչ մի միջոց չունի (նույնիսկ սեփական գրասենյակ չունի)՝ չհաշված պետության կողմից տրվող տարեկան ավելի քան 2 մլն դրամը, այնինչ մինչև 2000-ական թվականների կեսերը կազմակերպությունը Ստեփանակերտի կենտրոնում տիրապետում էր մի քանի հազար քառակուսի մետր անշարժ գույքի, իսկ խորհրդային տարիներին՝ շատ ավելի խոշոր անշարժ և շարժական գույքի և մի շարք լուրջ արտադրամասերի: Ցավոք, այդ ամենը մութ պատմություններով փոշիացվել է, և հիմա կանգնած ենք կոտրած տաշտակի առջև: Այժմ էլ ավելի պարտավորված եմ հնարավորինս աջակցելու Արցախի չտեսնողներին և՛ կրթության ու վերապատրաստման, և՛ զբաղվածության, և՛ ինտեգրացիայի, և՛ հաշմանդամության հետ կապ ունեցող մնացած հարցերում: 1. Եթե որևէ մեկը կարող է աջակցել Արցախի կույրերի միավորմանը տարբեր ծրագրեր իրագործելու և ռեսուրսներ ներգրավելու հարցում, ապա կխնդրեի կապվել ինձ հետ: Կարծում եմ՝ ՀՀ, սփյուռքյան և միջազգային մի շարք կազմակերպություններ կարող են մտածել այս ուղղությամբ, քանի որ այն առնչվում է հասարակական կյանքի տարբեր բնագավառների: Գլխավոր խնդիրը կհամարեի հաշմանդամների կարողությունների զարգացումը, ինչը դրականորեն կանդրադառնա նրանց կենսագործունեության բոլոր ուղղությունների վրա: 2. Կազմակերպությունը հայտարարում է կամավորների ընդգրկման մասին, ովքեր պետք է մեզ օգնեն տարբեր հարցերում, ներառյալ՝ առկա օրենսդրության և միջազգային փորձի ուսումնասիրություն, ծրագրերի մշակում և իրականացում, գրասենյակային աշխատանք, չտեսնողների ուղեկցում և այլն: Մենք պատրաստ ենք կամավորներին տրամադրել իրենց կամավորության մասին վկայական և հնարավորության դեպքում ընդգրկել տարբեր ծրագրերում ու դասընթացներում: Ցանկացողները թող գրեն ինձ: Համոզված եմ, որ շատերի աջակցությամբ Արցախի չտեսնողների հիմնական մասը մի օր զբաղվածության ու ինտեգրացիայի խնդիր չի ունենա, մնում է ավելի ու ավելի շատ մարդ սրտացավ ու նախաձեռնող լինի նաև այդ հարցում..»,-եզրափակել է նա:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.