Բաժին : Լուրեր
Ամերիկացի ծնողները պնդում են, որ Հռոմի պապի «հրաշագործ» համբույրն «ապաքինել» է մահացու հիվանդ երեխային (լուսանկարներ)
Բրիտանական Daily Mail պարբերականն անդրադարձել է 3 տարեկան Ջիանա Մասկիանտոնիոյին, որը գլխուղեղի խոշոր ուռուցք ուներ, սակայն Հռոմի պապ Ֆրանցիսկոսի համբույրից հետո «հրաշքով» ապաքինվել է:
Աղբյուրը մանրամասնում է, որ պոնտիֆիկոսը մահամերձ երեխային հանդիպել էր 2015թ. սեպտեմբերին՝ ԱՄՆ կատարած այցի ժամանակ: Հռոմի պապը կռացել էր ու համբուրել ծնողների կողմից իր մոտ բերված հիվանդ երեխայի գլուխը:
Այն ժամանակ Ջիանան դեռևս մեկ տարեկան էր, ու բժիշկները նրան ընդամենը մի քանի շաբաթվա կյանք էին տվել՝ ծնողներին խորհուրդ տալով նախապատրաստվել զավակի հուղարկավորությանը:
Երեխայի ծնողները պատմել են, որ քանի որ բժշկությունը որևէ հույս չէր տալիս ի ծնե հիվանդ դստերը, իրենք հույսը դրել էին հրաշքի վրա ու անընդհատ աղոթում էին:
Երբ նրանք տեղեկացել են, որ Հռոմի պապն ԱՄՆ է գալիս, որոշել են ամեն գնով փոքրիկին հովվապետի մոտ տանել: Հատկանշական է, որ երբ Ֆրանցիսկոսը «պապամոբիլով» անցել է իրեն ողջունող ամբոխի միջով, նրա ուշադրությունն ակամայից գրավել է մոր գրկում գտնվող փոքրիկը: Մեքենան կանգ է առել, ու ծնողները Ջիանային մոտեցնելու հնարավորություն են ստացել: Պապը համբուրել է երեխայի գլուխն ու օրհնել:
Ճակատագրական համբույրից կարճ ժամանակ անց հուսահատ ծնողները զանգ են ստացել Նյու Յորքի ուռուցքաբանական կենտրոններից մեկից: Այնտեղից հայտնել են, որ Ջիանան իրականում քաղցկեղով հիվանդ չէ: Իրականում երեխայի մոտ 10 մլն-ից մեկի մոտ հանդիպող հազվագյուտ հիվանդություն է՝ կապված արյան հետ:
Արդյունքում, աղջիկը 15 ամիս քիմիաթերապիայի կուրս է անցել՝ ձերբազատվելով գոյացությունից:
Շուտով նա սկսել է տարբեր բաներ անել՝ ապշեցնելով բժիշկներին: Նա սովորել է քայլել, ինքնուրույն սնվել ու խոսել:
Երեխայի ծնողները հավատացած են, որ Ֆրանցիսկոս պապի համբույրը հրաշագործ էր ու ճակատագրական իրենց երեխայի փրկության գործում:
Այժմ երջանիկ ընտանիքը 50.000 դոլար է նվիրաբերել տեղի մանկական հիվանդանոցներից մեկին՝ ցանկանալով օգնել մյուս երեխաներին: