fbpx
// Էրդողանի կուսակցության փոխնախագահը դավաճան է անվանել Աբդուլլահ Գյուլին

Էրդողանի կուսակցության փոխնախագահը դավաճան է անվանել Աբդուլլահ Գյուլին

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Համզա Դաղը դավաճան է անվանել երկրի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլին՝ գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ դուրս գալու համար, գրում է թուրքական T24 կայքը։

Նշենք, որ հունիսին կայացած նախագահական ընտրություններին ընդառաջ թուրքական «Երջանկություն» կուսակցությունը չէր բացառել, որ որպես երկրի նախագահի թեկնածու կարող է առաջադրել հենց Գյուլին։ Վերջինս թեև տևական ժամանակ չէր մեկնաբանում լուրերը, սակայն ի վերջո որոշեց չառաջադրել իր թեկնածությունը։ Այնուամենայնիվ՝ մինչ ընտրությունները նախկին նախագահն աչքի ընկավ Էրդողանի դեմ լուրջ քննադատություններով։

«Նա մեկն է, ով դավաճանեց մեր այս շարժմանը։ Մինչև վերջին պահը ձայն չէինք հանում՝ մտածելով, որ մեր մեծն է, կուսակցության համահիմնադիրն է։ Սակայն Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ թեկնածություն դնել մտքով անցկացրած մեկը դավաճան է», – ասել է Դաղը։

Անդրադառնալով Թուրքիայի տնտեսական խնդիրներին՝ թուրք քաղաքական գործիչը պնդել է, որ դոլարի դիմաց թուրքական լիրայի արժեզրկումը ոչ թե տնտեսական, այլ արտաքին քաղաքական խնդիրների արդյունք է, մինչդեռ Թուրքիան իրականում «աշխարհի ամենաարագ զարգացող երկիրն է»։

Գրեք մեկնաբանություն և եղեք ակտիվ
By | 2018-08-20T16:06:57+00:00 Օգոստոսի 20 16:06|Լուրեր|0 Comments
//
//