Փաշինյանի ֆորսմաժորային ընտրությունը. այլընտրանք չկա՞

Օգոստոսի 17-ի մարդաշատ հանրահավաքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ծրագրվում է առաջիկայում լուրջ քննարկումներ ունենալ և հասկանալ՝ արդյոք չարժե՞ երկրում ստեղծել ժամանակավոր արդարադատության մարմիններ, որոնք շատ ավելի էֆեկտիվ կլինեն, քան ներկայում գործող ՀՀ արդարադատության համակարգը: Իրականում Փաշինյանի հայտարարությունը կամ առաջարկած գաղափարը բավական բացառիկ է ոչ միայն հայ իրականության տեսանկյունից, այլև՝ համաշխարհային պրակտիկայի. այն գլխավորապես համարվում է  բավական ծայրահեղ միջոց, որը կիրառելի է եղել  այնպիսի երկրներում, որոնց իշխանություններն  այլ ելք չեն տեսել, քան շատ դեպքերում նույնիսկ մարդու հիմնարար իրավունքների հաշվին իրականացվող արդարադատության միջոցով   հասարակական համերաշխության ձեռքբերումը: Ինչպես նշում են որոշ մասնագետներ, այս գործիքակազմը գլխավորապես ներդրվել է էթնիկ լուրջ բախումներից կամ երկար տարիների ընթացքում տասնյակ հազարավոր զոհերով ուղղորդված ռեժիմների տապալումից հետո, երբ կենսական է դարձել կոշտ պատժի միջոցով արդարության մթնոլորտի հաստատումը։ Այսինքն՝ ժամանակավոր արդարադատության մարմինների ստեղծումը, որպես այդպիսին, արտակարգ միջոցառումների շարքից է ու կարող է ոչ միայն հանգեցնել մարդու իրավունքների ոտնահարմանն, այլև մեծ հարված հասցնել  առհասարակ «իրավունք» հասկացությանը՝ դրանից բխող բոլոր բացասական հետևանքներով հանդերձ: Բնական հարց է առաջանում, թե որքանո՞վ կարող է այս ֆորսմաժորային գործիքակազմը կիրառելի դառնալ Հայաստանում այն պարագայում, երբ նույն հեղափոխության համար մեկ առաքելություներից այսօր երկրում կայունության պահպանումն ու ինստիտուցիոնալիզացիայի ենթարկվելն է: Ճիշտ է՝ մեկ այլ տեսնակյունից, պետք է խոստովանել, ներկա փտած դատաիրավական համակարգի կազմալուծման ու արդարադատությունը նոր հիմքեի վրա դնելու առումներով ժամանակավոր արդարադատության մարմինների ստեղծումը կարող է նույնիսկ լավագույն միջոց դառնալ՝ ծառայեցվելով ոչ միայն արդարադատության միգուցե առավել էֆեկտիվ իրականացմանն, այլև  նախկին համակարգի նույնքան էֆեկտիվ կազմալուծմանը, սակայն այստեղ հարցն էլ այն է, թե ինչպիսի համակարգ է գալու փոխարինելու հնին այն պարագայում, երբ գալիք համակարգը, որն, ըստ տրամաբանության, փոխարինելու է ժամանկավոր արդարադատությանը, դեռևս ձևակերպված չէ: Ի՞նչ այլընտրանք  է Փաշինյանն առաջարկում ներկա դատաիրավական համակարգին՝ բացի ժամանակավոր արդարադատության մարմինների ստեղծումը… Իհարկե, դեռևս հարց է, թե արդյոք կստեղծվե՞ն երկրում ժամանակավոր արդարադատության մամիններ, թե՞ ոչ, սակայն միանշանակ է, որ դատաիրավական համակարգի արմատական բարեփոխումն Հայաստանում այընտրանք ուղղակի չունի. չկա նորմալ դատարան՝ չկա նորմալ պետություն: Norlur.am      
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.