Բաքվի նոր շանտաժը՝ Մոսկվային

Ինչպես հայտնի է, վերջին օրերին Ադրբեջանում շրջանառության մեջ է հայտնվել ՀԱՊԿ-ին Ադրբեջանի հավանական անդամակցության թեման: Այս հարցը նույնիսկ սկսվել է քննարկվել ադրբեջանցի օրենսդիրների որոշ մակարդակով. հնչում են կարծիքներ, թե ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցությունը կարող է էական նշանակություն ունենալ հատկապես արցախյան հակամարտության հարցում՝ կշեռքի նժարը թեքելով Բաքվի կողմը: Եվ ահա նման խոսակցությունների ու քննարկումների ֆոնին Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուղարովը Turan-ի հետ զրույցում հայտարարել է, որ Ադրբեջանի անդամակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանն անհնարին է Հայաստանի՝ այդ կառույցի անդամ լինելու պատճառով։ «Ադրբեջանի՝ կազմակերպությանը միանալու հարցը կարող է դիտարկվել միայն օկուպացված տարածքներն ազատագրելու և Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման դեպքում»,-հայտարարել է Զուլֆուղարովը՝ միաժամանակ համոզմունք հայտնելով, որ իրադարձությունների նմանօրինակ զարգացումն անիրական է հատկապես ՌԴ որդեգրած դիրքորոշման պատճառով, որն ամեն ինչ անում է, որպեսզի հակամարտությունն այդպես էլ չլուծվի՝ հովանավորելով Հայաստանին։ Անշո՛ւշտ, Ադրբեջանի նախկին արտգործնախարարի հայտարարության այսօրինակ բովանդակությունն ամենևին էլ նորույթ չէ. Բաքուն միշտ էլ ՌԴ հետ ռազմաքաղաքական համագործակցությունը խորացնելու նախապայման է համարել արցախյան հարցի կարգավորումն ու  մշտապես հայտարարել, որ ՌԴ որդեգրած դիրքորոշումն այս հարցում «կողմնակալ» է, ու հենց Մոսկվայի պատճառով է, որ հարցն այսքան ձգձգվում է: Այստեղ առավել հետարքրիր է, սակայն, մեկ այլ բան. ի՞նչն է ստիպել Բաքվին արհեստականորեն բարձրացնել մի հարց, որին հետո ստիպված էր լինելու բացասաբար արձագանքել: Խնդիրը սեփական ստրատեգիական արժեքը Մոսկվային հիշեցնելն ու գին սահմանելն է, թե՞ ակնհայտ շանտաժը՝ հատկապես ԱՄՆ կոնգրեսականների՝ Ադրբեջան կատարած վերջին այցի ֆոնին. օրերս կոնգրեսականներն այցելել էին Կովկաս՝ Վրաստան ու Ադրբեջան, որպեսզի աջակցություն ցուցաբերեին Վրաստանի և Ադրբեջանի փորձերին՝ ստեղծելու Եվրոպայի համար ռուսական էներգիայի փոխարինող: Այսինքն՝ ԱՄՆ ակնայտորեն ցանկանում է Ադրբեջանի էներգետիկ ռեսուրսները վերածել հակառուսական խաղաքարտի՝ Եվրոպայի՝ ՌԴ-ից ունեցած կախվածությունը թուլացնելու համար, ինչպես նաև Կրեմլի աշխարհաքաղաքական շահերին հարված հասցնելու: Ենթադրելի է, որ ամերիկացի կոնգրեսականները որոշակի ոգևորիչ ուղերձներ են հղել Ալիևին, ու սա էլ, ըստ էության, որոշել է այդ ամենը թանկ գնով վաճառել Մոսկվային. իբր եթե չես ցանկանում, որԱդրբեջանը դառնա մեծ գլխացավանք, ապա արագորեն Ղարաբաղը մեզ վերադարձրու ու դրա դիմաց էլ մի մեծ բոնուս ստացիր՝ ՀԱՊԿ-ին Ադրբեջանի ադամակցության տեսքով: Ակնհայտ է, սակայն, որ Մոսկվան բնավ մտադիր չէ այդ խայծը կուլ տալու ու շատ լավ հասկանում է, թե ինչ խաղ է սկսել Բաքուն Արևմուտքի հետ՝ ընդդեմ Կրեմլի,բնականաբար,ոչ առանց Թուրքիայի հավանության: Զիջելով Արցախը Բաքվին՝ Մոսկվան կզրկվի տարածաշրջանի վրա ունեցած սեփական ազդեցության երաշխիքներից ամենագլխավորից՝ դրա դիմաց ստանալով գրեթե ոչինչ: Մոսկվայի խնդիրը սեփական ազդեցության՝ ողջ տարածաշրջանի վրա պահպանումն է, իսկ դա հնարավոր չի դառնա այն պարագայում, եթե բավարարվեն Ադրբեջանի խելահեղ պահանջմունքները. Հայստանի անվերադարձ կորուստը չափազանց թանկ կարժենա Ռուսաստանի համար,այնինչ նման դեպքում Ադրբեջանի պայմանական ձեռքբերումը կարող է չար կատակ դառնալ Մոսկվայի գլխին՝ հաշվի առնելով արևմտյան շրջանակների՝ Ալիևի նկատմմամբ ունեցած հզորագույն լծակները: Բացի այդ՝ պետք չէ մոռանալ, որ երկարաժամկետ աշխարհաքաղաքական շահերի տեսանկյունից Մոսկվայի շահերից չի բխում Կովկասի թյուրքականացումը, որը կարող է հետագայում հանգեցնել պանթյուրքիստական խելահեղ պլանների սահուն իրականացման համար լավ հենքի. Հայաստանի,ինչպես նաև հայկական Արցախի արժեքը ՌԴ համար նաև այս տեսանկյունից  է կարևորվում: Այժմ Կրեմլի միակ ելքը մեկն է՝ աջակցել Հայաստանին ու չդադարել լինել Երևանի անվտանգության գլխավոր ու վստահելի երաշխավորը: Norlur.am        
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.