Քոչարյանի միակ ճանապարհը՝ ստեղծված իրավիճակում

Քոչարյանի գրասենյակի տարածած հայտարարությունը, որն, ըստ էության,  ոչ այլ ինչ է, քան անհարմար վիճակից նվազագույն վնասներով դուրս գալու փորձ, ակնհայտորեն իր խորքում այն նույն տրամաբանությունն ունի, ինչն ի սկզբանե ընկած է եղել ու է Քոչարյանի «վերադարձի» կազմակերպչական միջոցառումներում. որոշել են  «քաղբանտարկյալի»  կերպար հորինել ու այն վերագրել Քոչարյանին: Հայտարարությունում, ըստ էության, մեկ միտք է շեշտադրվում՝ հեղափոխական իշխանությունները վախեցել են ճշմարտությունը լսելուց, ինչի պատճառով էլ միանգամայն կանխամտածված կերպով «մարդ են ուղարկել» Քոչարյանի վրա՝ նրան հանիրավի կերպով լռեցնելու: Իհարկե, փաստարկը միգուցե կարող էր իչ-որ տեղ գոյության իրավունք ունենալ՝ զուտ հիպոթետիկորեն թեկուզ, եթե չլիներ, սակայն, մի  պարզ ճշմարտություն՝ բացի ասուլիս տալուց այսօրվա դարում կան բազմաթիվ այլ միջոցներ՝ սեփական մտքերն ու կարծիքը տեղ հասցնելու, հասրակության հետ կիսվելու, եթե, իհարկե, առանձնապես կիսվելու բան կա: Իսկ սա նշանակում է, որ ցուցարարների նպատակը ոչ թե Քոչարյանին լռեցնելն է եղել, ինչպես ներկայացնում է վերջինիս թիմն, այլ ընդամենը սեփական բողոքն ավելի ազդեցիկ կերպով արտահայտելը, այնպես, որ այն իսկապես տեղ հասնի: Դատելով, սակայն, Քոչարյանի գրասենյակի համապատասխան արձագանքից՝ բողոքավորների ուղերձն այդպես էլ տեղ չի հասել, ու ոմանք շարունակելու են ջանալ հանդես գալ «քաղհալածյալի», բայց ոչ երբեք արդարադատության հետ օբյեկտիվորեն խնդիրներ ունեցողի դերում: Ի՞նչ կարող է տալ այս կեցվածքը Քոչարյանի թիմին: Ակնհայտորեն ոչինչ: Ավելին՝  նման կեցվածքը կարող է հասարակության շրջանում է՛լ ավելի մեծ անհանդուրժողականություն առաջ բերել Քոչարյանի անձի հանդեպ, ինչն, ըստ էության,  կհանգեցնի շատ վատ հետևանքների, ու Քոչարյանն այս անգամ առհասարակ ստիպված կլինի մոռանալ դեպի քաղաքականություն տանող բոլոր ճանապարհները: Այս իրավիճակում ի՞նչը կարող է ելք դառնալ Քոչարյանի համար, եթե, այնուամենանիվ, նա իսկապես որոշել է ամեն գնով վերադառնալ ակտիվ քաղաքականություն: Ամենահուսալի ճանապարհը կարող է դառնալ ընդամենը մեկը՝ արդարադատության հետ մինչև վերջ առերեսվելն ու դատարանում սեփական անմեղությունն ապացուցելը. միայն դրանից հետո երկրորդ նախագահը կարող է իրեն թույլ տալ վերադառնալ քաղաքականություն կամ գոնե մտածել այդ ուղղությամբ: Հասարակությունը խոտակեր չէ… Norlur.am
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.