fbpx
/// «Միակ տղամարդու» ոդիսականը. «կինոն» հետարքրքիր է դառնում

«Միակ տղամարդու» ոդիսականը. «կինոն» հետարքրքիր է դառնում

Քոչարյանն ազատության մեջ է. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից բավարարվել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանների բողոքը:

Քոչարյանի ազատ արձակումն, անկասկած, հակասական արձագանքների տեղիք է  տվել. ոմանք ակնհայտորեն հիասթափված են դատարանի որոշումից՝ փաստը համարելով դեռևս արմատախիլ չեղած «բարի ավանդույթների» շարունակականության անժխտելի ապացույց, ակնհայտ վկայություն այն բանի, որ հեղափոխությունն, այնուամենայնիվ, դատական համակարգի կողքով է անցել, մյուսներն էլ վստահ են, որ տեղի ունեցածը միանշանակորեն արդարադատության հաղթանակն է՝ անկախ քաղաքական գործոնից:

Հարց է առաջանում, սակայն, թե ինքը՝ Քոչարյանը, որքանո՞վ շահեց կամ ի՞նչ կորցրեց իր շուրջ տեղի ունեցող պրոցեսների արդյունքում, նրան հաջողվե՞ց մաքրվել «Մարտի մեկի» գործից ու մի նոր կերպ հաղորդել սեփական անձին ժողովրդի աչքում, թե՞, այնուամենայնիվ, սա այն դեպքն է, երբ որևիցե ռեաբիլիտացիայի մասին որևիցե խոսք ուղղակի գնալ չի կարող:

Բոլոր դեպքերում անկասկած է, որ Քոչարյանի կորցրածը ներկա իրավիճակում շատ ավելին է, քան՝ ձեռք բերածը՝ թե՛ քաղաքական, թե՛ բարոյական հարթություններում:  Քաղաքական առումով զուտ մակերեսային իմաստով միգուցե և Քոչարյանը շահեց՝ դառնալով մի խումբ «աբիժնիկների»  ձգողականության կենտրոն, որը դեռևս պարզ էլ չէ, թե ինչ կարող է տալ նրան ռեալ կյանքում, սակայն ակնհայտ է, որ խորքային իմաստով Քոչարյանը տուժեց՝ հաշվի առնելով թե՛ ներկայում ունեցած հասարակական կերպարը, թե՛ այն ուժերի իմիջը, որոնք այժմ փորձում են քաղաքական ծառայություններ առաջարկել կամա-ակամա հակահեղափոխականության  կենտրոն դարձած նախկին կալանավորին:

Ինչ վերաբերում է հարցի բարոյական կողմին, ապա այս պարագայում ևս անվիճելի է այն, որ Քոչարյանի ազատ արձակաումը միմիայն բացասաբար է անդրադառնալու այդ անձի հասարակական ընկալման վրա՝ առաջացնելով բացառապես բացասական ասոցիացիաներ և, փաստորեն, վիժեցնելու է այն  կարճամիտ պլանը, որ մշակվել էր Քոչարյանի թիմի կողմից՝ կապված  այդ անձից քաղաքական հալածյալի կերպար կերտելու ու դրա միջոցով բառիս լայն իմաստով ռեաբիլիտացվելու հետ: Ինչ էլ լինի՝ առնվազը մարտի 1-ին 10 քաղաքացիների մահվան փաստը հասարակությունը կապում է Քոչարյանի անվան հետ ու հենց նրան համարում մեծ ողբերգության նախապատճառը: Ի՞նչ ռեաբիլիտացիայի մասին կարող է խոսք լինել կամ, առհասարակ, ինչպե՞ս կարելի է ինքնախաբեությամբ զբաղվել՝ հույսեր փայփայելով, թե մի օր, այնուամենայնիվ, Քոչարյանին կհաջողվի իր վրայից «քերել» մարտի մեկի կեղտը:

Բոլոր դեպքերում պետք է արձանագրել, որ Քոչարյանի ազատ արձակումն իրավական տեսանկյունից ոչինչ չի նշանակում, քանի որ նրա վրայից մեղադրանքները չեն հանվել, ու նա  շարունակելու է մնալ այն նույն կարգավիճակում, ինչ ուներ ճաղերի հետևում: Մարդուն ընդամենը թարմ օդ շնչելու հնարավորություն են տվել, ու կասկած չկա, որ «կինոյի» ամենահետաքրքիր մասը դեռ առջևում է:

Norlur.am

 

Գրեք մեկնաբանություն և եղեք ակտիվ
By | 2018-08-13T19:14:13+00:00 Օգոստոսի 13 19:01|Մեկնաբանություն|0 Comments
//
//