Նիկոլ Փաշինյանը լուծարեց «Ելք»-ը

Նոյեմբերյան կատարած այցի շրջանակներում լրագրողների հետ ունեցած զրույցոմ վարչապետ Փաշինյանը, խոսելով առաջիկա ընտրությունների շուրջ, հայտարարել է, որ «Քաղաքացիական պայմանագիրը» կարող է և դաշինքով  մասնակցել ավագանու ընտրություններին, միաժամանակ շեշտել, որ միգուցե դա չլինի «Ելք» դաշինքը: «Հնարավոր է, որ լինի բոլորովին նոր դաշինք, բայց աներկբա է, որ մեր թեկնածուով ենք հանդես գալու»,– հայտարարել է վարչապետը։ Այն, որ ՔՊ-ի ու «Ելք»-ի մյուս անդամ ուժերի ջրերը վաղուց դադարել են նույն առվով հոսել, հանրահայտ ու վաղուց հիմնավորված ճշմարտություն է: Հեղափոխությունից հետո Մարուքյանի «Լուսավոր Հայստանն» ու Սարգսյանի «Հանրապետությունը» մի տեսակ «ձրիակերի» կարգավիճակ են ձեռք բերել (այս բառի բացառապես քաղաքական իմաստով), ու այս իրավիճակը, բնականաբար, չէր կարող  անտարբեր թողնել «Ելք»-ի լոկոմոտիվ ուժին՝ ՔՊ-ին. ավելորդ բալաստից ազատվելը վաղուց օրվա հրամայական է դարձել: Կարելի՞ է, արդյոք, Փաշինյանի նոր հայտարարությունը քաղաքական պրոցեսի պաշտոնական մեկնարկ համարե՞լ: Վստահաբար. ՔՊ առաջնորդը ոչ միայն հայտարարում է առանձին պայքարի նետվելու պատրաստակամության մասին՝ սեփական խոսքին հաղորդելով ուլտիմատիվ բնույթ, այլև փաստացի խոստովանում է «Ելք»-ի՝ անպիտան լինելու հանգամանքը՝ ակնարկելով դրանից հրաժարվելու անհրաժեշտության մասին: Կարևորագույն հարցն այս պարագայում, թերևս, այն է, թե ինչ ուժ կամ ուժեր կարող են փոխարինել ԼՀ-ին ու «Հանրապետությանը», եթե Փաշինյանն, այնուամենայնիվ, վերջնականապես որոշի գնալ դաշինքով, բայց ոչ «Ելք»-ի հետ միասին: Փաշինյանն արդեն ունի՞ իրական այլընտրանք Սարգսյանին ու Մարուքյանին: Եթե այո, ապա ովքե՞ր կարող են լինել նրանք: Մյուս կողմից պետք է խոստովանել, որ Փաշինյանի խոսքերն ավելի շատ խճճում են լսողին, քան տալիս մի շարք հարցերի պատասխաններ. սկզբունքորեն ոչինչ էլ չի բացառվում, սակայն միանշանակ է, որ «Ելք»-ը, որպես քաղաքական դաշինք, այլևս սպառել է իրեն, ինչը, թերևս, պայմանավորված է նոր Հայաստանի իրողություններով. այդ քաղաքական ուժն այլևս անցյալի մնացուկ է: Norlur.am        
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.