Հայաստանում աննախադեպ բան է տեղի ունեցել

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանի ֆեյսբուքյան էջից, ՀՀ իշխանությունները որոշել են անել մի քայլ, որը վերջին երեք տասնամյակների կտրվածքով իսկապես աննախադեպ կարելի է որակել. Միրզոյանը կոռուպցիայի, հանրային միջոցների յուրացման և այլ ապօրինի ճանապարհներով կուտակված այն փողերը, որոնք դուրս են բերվել Հայաստանից ու այժմ հանգրվանում են արտերկրում՝տարբեր օֆշորներում ու բանկերում, որոշել է հետ բերել երկիր: Այդ նպատակով ՀՀ փոխվարչապետը դիմել է Համաշխարհային Բանկի և ՄԱԿ–ի ապօրինի թմրամիջոցների և միջազգային հանցագործությունների դեմ պայքարի գրասենյակին (UNODC), որոնց համատեղ նախաձեռնությամբ աշխարհում գործում է Հափշտակված ակտիվների վերականգնման նախաձեռնություն (Stolen Asset Recovery Initiative) գործիքը։ Ըստ որոշ տվյալների՝ վերջին 30 տարիների ընթացքում Հայաստանից արտահոսել ու այլևս երբեք երկիր չի վերադարձվել ավելի քան 25 մլրդ դոլար գումար: Հայաստանի համար, ինչպես հասկանալի է, այս թիվն իսկապես առասպելական մասշտաբների է, ու միայն քաղցր երազներում կարելի է պատկերացնել, թե ինչպիսի Հայաստան կունենայինք այսօր, եթե նման բան տեղի չունենար: Հայաստանի առաջընթացի առաջնային բանաձևն այսօր դարձել է հիմնականում մեկը՝ պայքար կոտուպցիայի ու ամենաթողության դեմ: Այդ ամենը, բնականաբար, հիանալի է, ու կասկած չկա, որ բավարար հետևողականություն դրսևորելու պարագայում հնարավոր կդառնա երկիրն իսկապես առաջ մղել, վերացնել այն ներքին կապանքներն ու կոռուպցիայի որդը, որոնց պատճառով Հայաստանն այսօր ժամանակից բավական հետ է  մնացել, հայտնվել լուսանցքում: Սակայն մյուս կողմից՝ պետք է հասկանալ նաև, որ որքան էլ բացառվեն կոռուպցիան  ու երաշխավորվեն արդարությունն ու ժողովրդավարությունն եկրում, թռիչքաձև զարգացում ապրելը Հայաստանի համար անհնարին է լինելու. դրա համար անհրաժեշտ է նախևառաջ հետ բերել տարբեր զարտուղի ճանապարհներով Հայաստանից արտահոսած միլիարդներն ու դրանց ճիշտ օգտագործման համար արդյունավետ ծրագիր մշակել: Հայաստանը պատերազմող երկիր է, ու մենք չունենք ժամանակ՝ երկիրը զրոյից կառուցելու համար. աշխարհը վաղուց անվտանգ չէ, ու Հայաստանը, լինելով շրջապատված թշնամական ուժերով՝ առնվազն երկու կողմից, այսօր ուղղակի պարտավոր է առնվազը սեփական անվտանգությունը երաշխավորելու համար գնալ արտակարգ միջոցառումների: Միրզոյանի քայլը, թերևս, ամենաարտակարգ միջոցառումը կարելի է համարել, աննախադեպ մի քայլ, որը, հաջողությամբ պսակվելու պարագայում, կարող է իսկապես անփոխարինելի տրամպլին դառնալ նոր Հայաստանի կերտման համար. երկիրը կարող է վերականգնել տնտեսկան պոտենցիալն ու աննախադեպ կերպով ամրապնդել անվտանգությունը: Մնում է հուսել, որ այն գործիքակազմերը, որոնց օգնությամբ նոր իշխանությունները փորձելու են վերականգնել Հայաստանն, իսկապես արդյունավետ կգտնվեն, ու առնվազն արհեստական խոչընդոտներ չեն լինի, և Հայաստանին հնարավորություն կընձեռնվի վերագտնել սեփական դեմքն ու տնտեսական կշիռը. գործընթացը ժամանակատար է, ու բավարար համբերություն է անհրաժեշտ ցանկալի արդյունքի հասնելու համար: Norlur.am      
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.