Այն, ինչ ստիպված է լինելու անել Փաշինյանը

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած արդյունքները՝ վերաբերող շուկայում նկատվող գնաճին, կարող են փորձության առաջ դնել հեղափոխական կառավարությանը. չմոռանանք, որ տեղի ունեցած հեղափոխության բուն նպատակը նախևառաջ երկրի տնտեսական վերականգնման համար լավագույն պայմանների ստեղծումն էր, տնտեսությունն արհեստական կապանքներից ազատելը, որը տրամաբանորեն պետք է հանգեցնի միաժամանակ թե՛ գնանկման ու թե՛ բնակչության եկամուտների բարձրացման: Պարզվում է, սակայն, որ ամեն բան այնքան էլ միանշանակ չէ. վերջին կես տարվա ընթացքում հատկապես սննդամթերքի շուկայում  գները շարունակում են աճել. էականորեն թանկացել են հատկապես մսեղենը, կաթնամթերքը, ձկնեղենը, ալկոհոլը և այլն: Գնաճը հատկապես զգալի է թվում, երբ ներկայիս թվերը համեմատության մեջ են դրվում անցած տարվա նույն ժամանակահատվածի գների հետ. որոշ ապրանքատեսակների մասով գնաճը գերազանցել է նույնիսկ 20-30%-ը, ինչն, անկասկած, չի կարող մտածելու տեղիք չտալ: Մինչդեռ գաղտնիք չէ, որ հասարակությունն այս կամ այն կառավարույան աշխատանքը գնահատելիս հաշվի է առնում նախևառաջ սեփական գնողունակության ինդեքսը. եկամուտներն ու ծախսերը պետք է հնարավորինս բալանավորված լինեն ու տեղավորվեն անձի լավ ապրելու մասին ունեցած պատկերացուներում: Կա՞ն, արդյոք, հիմքեր պնդելու, որ այժմ՝ հեղափոխությունից ամիսներ անց, հասարակությունը կարող է իրեն բավարարված զգալ: Ճիշտ է՝ զուտ օբյեկտիվորեն անհնար է գնաճն ու ցածր եկամուտները պայմանավորել ասենք նոր կառավարության վատ աշխատանքով, քանի որ դեռևս քաղում ենք նախորդ կառավարության գործունեությանն պտուղները, սակայն հայտնի է նաև, որ հասարակության մեծ մասը բնավ սովոր չէ հաշվի նստել քաղաքագիտական կամ տնտեսագիտական նորմերի ու օրինաչափությունների հետ. նրանք փոփոխություններ են ցանկանում հենց հիմա, անհապաղ: Կառավարության համար իրավիճակից ելքը կարող է լինել, թերևս, 2019-ի բյուջեով աշխատավարձերի, կենսաթոշակների ու այլ սոցիալական վճարների բաձրձրացում նախատեսելը. դրա համար կարեծես թե կան հիմքեր: ՊԵԿ տվյալները հուշում են, որ հարկահավաքության հարցում առկա է նույնիսկ գերակատարում.  2018-ի հունվար-հունիսին հավաքագրվել են 602.1 մլրդ դրամի հարկեր և տուրքեր, ինչը 9.4%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Ավելին՝ միջնաժամկետ հեռանկարում նախատեսվում է հարկային մուտքերի ավելացում մոտ 300 մլն դոլարով: Իսկ ահա մեկ այլ կանխատեսման համաձայն՝ 2019-ին երկրում ակնկալվում է ավելի քան 5% տնտեսական աճ: Այսինքն՝ դատելով ամենայնից՝ ենթադրելի է, որ առնվազը  պետական հատվածի աշխատողների աշխատավարձերի ու թոշակառուների թոշակների բարձրացման համար, այնուամենայնիվ, կան նախադրյալներ: Բոլորովին այլ հարց է, սակայն, թե տնտեսագիտական առումով ի՞նչն ավելի նպատակահարմար կլինի, եկամուտներն աշխատավարձերի ու թոշակների բարձացմանն ուղղելը, թե՞ ասենք կապիտալ ծախսերն ավելացնելը: Միանշանակ է, որ երկրի տնտեսական զարգաման շարունակականության ապահովման ու առողջացման տեսանկյունից ավելի խելամիտ է երկրորդ տարբերակն ու ավելի տրամաբանական կլիներ, եթե պետությունը հավելյալ եկամուտները կարողանար այնպես տնօրինել, որպեսզի դրանք ոչ թե լինեին, այսպես ասած, միանգամյա օգտագոծման միջոցներ, այլ ծառայեին  իսկապես հինավոր ու խորքային նպատակերի: Ողջ խնդիրը, սակայն այն  է, որ հեղափոխությունն, այսպես ասած, դեռևս ինստիտուցիոնալ ձևակերպում չի ստացել, ու դեռևս ժողովրդական էյֆորիայի կարիք իսկապես Փաշինյանի կառավարությունն ունի. ուզած չուզած պետք է արվեն քայլեր, որոնք ժողովրդի շրջանում կստեղծեն ռեալ առաջընթացի տպավորություն, ու բոլորը կհամոզվեն սեփական ընտրության ճշմարտացիության մեջ: Իսկ սա նշանակում է, որ, ամենայն հավանականությամբ, 2019-ի բյուջեով իսկապես կարող են նախատեսվել աշխատավարձերի ու թոշակների բարձրացումներ, սակայն ողջ խնդիրն էլ հենց այն է, որ այդ բարձրացումների տնտեսական էֆեկտը կարող է իրականում չափազանց չնչին լինել ու թողնել միայն հոգեբանական ազդեցություն: Ստեղծված իրավիճակի լուծումը կարող է լինել մեկը. կառվարությունը պետք է անի հնարավորինն ու անհնարինը՝ կանխելու հատկապես լայն սպառման ապրանքների չդադարող գնաճը, քանի որ Հայաստանի տնտեսությունը, ցավոք, դեռևս այն մակարդակին չի հասել, որ հնարավոր լինի այնքան բարձրացնել աշխատավարձերը, որ հնարավոր դառնա այդ եղանակով չեզոքացնել ցանկացած տեսակի ու չափի գնաճ. դրան հասնելու համար դեռևս երկար տարիներ են պետք լինելու: Ունի՞, արդյոք, Փաշինյանն այդ ժամանակը… Norlur.am        
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.