fbpx
/// Խաչիկ Ստամբուլցյանի ռեինկարնացիան և Ամուլսարի պատմությունը

Խաչիկ Ստամբուլցյանի ռեինկարնացիան և Ամուլսարի պատմությունը

Երբ Ամուլսարի հանքավայրի վտանգավորությունից խոսում, ապոկալիպտիկ պատկեր են ներկայացնում ու կուրծք ծեծում ոչ մասնագետները, դա պարզապես ծիծաղ է առաջացնում։

Պարզ է, որ ցանկացած հանքի շահագործում որոշակի չափով վնասում է բնությանը, բայց ժամանակակից աշխարհում կա վնասի չեզոքացման ու ռիսկերի կառավարման տեխնոլոգիա, ինչը թույլ է տալիս այնպիսի առաջատար երկրների, ինչպիսին են Կանադան, Գերմանիան, Շվեդիան ու մյուսները հանքերը շահագործել՝ առանց խնդիրներ առաջացնելու։

«Լիդիան Արմենիա» ընկերությունը պնդում է, որ իրենք կիրառում են ժամանակակից տեխնոլոգիաներ և որևէ խնդիր ջրի, կամ էկոհամակարգի հետ կապված չի կարող լինել։ Այդպես է դա, թե՝ ոչ, թող որոշեն մասնագետները (լուրջ մասնագետները, այլ ոչ թե շուկայի բամբասանք տարածող «էկոլոգները») և կառավարական հանձնաժողովը։ Եթե պարզվի, որ Սևանա լճին կամ Ջերմուկին վնաս է տալու հանքը, ապա բնականաբար Ամուլսարի հանքը չպետք է շահագործվի։ Իսկ եթե խնդիր չկա, ապա Հայաստանն ամեն ինչ պետք է անի, որպեսզի այդ ներդրումային ծրագիրը կյանքի կոչվի և դրական օրինակ դառնա այլ արտաքին ներդրողների համար։

Ինքս երկրաբան չեմ ու ոչ էլ էկոլոգիայի մասնագետ, որպեսզի դատողություններ անեմ մյուսների պես։ Ձեռնպահ մնալով բնապահպանական գնահատական տալուց, ուզում եմ մի փոքր այլ ռակուսրով դիտարկել հարցը։ Ինձ այս թեման մեկ ուրիշ պատմություն է հիշեցնում։

88–ի Ղարաբաղյան շարժման ժամանակ կար մեկը՝ Կառլ Մարքսի պես թրաշ ունեցող։ Անունը Խաչիկ Ստամբուլցյան էր։ Երիտասարդները չեն հիշի այս «էկոլոգիստին», բայց ավագ սերունդը համոզված եմ, որ չի մոռացել այս դեմագոգին։

Խաչիկ Ստամբուլցյանը 88–ին պնդում էր, որ եթե «Նաիրիտ» գործարանը չփակվի, ապա կանայք կդառնան չբեր, երեխաները կծնվեն տձև և Հայաստանը կկործանվի։ Նա իհարկե ոչ մի ապացույց չէր ներկայացնում իր պնդումների վերաբերյալ և որևէ մեկը նրանից չլսեց մասնագիտական բացատրություն, բայց քանի որ բացասական պատկերը շատ ավելի հեշտ էր ուտվում հուզական վիճակում գտնվող հանրության կողմից, ուստի «Նաիրիտը», «հանրային տրամադրություներից» ելնելով, փակեցին։

Դրանից հետո անցան տարիներ։ Բոլորի համար էլ պարզ դարձավ, որ «Նաիրիտի» արտադրանքը լուրջ տնտեսական խաղաքարտ կարող էր լինել Հայաստանի համար ու ոչ մի էկոլոգիական խնդիր էլ չկար, բայց արդեն ուշ էր։ Այս պահին հիմնարկը թալանված է, իսկ հոսքագծերը, ըստ մամուլի տեղեկությունների, նախկին տխրահռչակ վարչապետ Տիգրան Սարգսյանն իր եղբոր միջոցով արտահանել է Չինաստան ու այնտեղ է զբաղվում արտադրությամբ։

Այսօր գլուխ ենք ջարդում, որպեսզի ներդրող գտնենք և «Նաիրիտը» վերաբացենք, բայց չի ստացվում. հսկայական գումարներ են պետք։ Նաիրիտցիները հայտնվել են փողոցում և պայքարում են իրենց իրավունքների համար, և չկա մեկը որ հիշի Խաչիկ Ստամբուլցյանին, ով իր դեմագոգիկ պահվածքով հսկայական վնաս է հասցրել մեր երկրին։

Ասելս այն է, որ Ամուլսարի պատմությունը և հանքի դեմ պայքարողների վարքագիծը հիշեցնում է Խաչիկ Ստամբուլցյանին ու իր հեքիաթները։ Եթե հանքը փակվի, իսկ հետագայում էլ պարզվի, որ ոչ մի վնաս չկա ու կառավարությունն ընկած նոր ներդրող է ման գալիս, ապա այսօրվա խաչիկստամբուլցյանները պատասխան տալու՞ են իրենց արածի համար։ Խաչիկ Ստամբուլցյանի պատմությունը հուշում է, որ ոչ, պատասխան չեն տալու։ Պարզապես անգործ են մնալու հազարից ավելի մարդիկ, Հայաստանի ներդրումային դաշտը անբարենպաստ է դառնալու մյուս ներդրողների համար, ու տուժելու է երկիրը։ Բայց ո՞վ է այսօր հիշում Խաչիկ Ստամբուլցյանին։

Գրեք մեկնաբանություն և եղեք ակտիվ
By | 2018-08-08T18:42:10+00:00 Օգոստոսի 8 18:42|Հասարակություն|0 Comments
//
//