ՀՀԿ-ի առաջարկը՝ Քոչարյանին՝ բաց տեքստով

Ինչպես տեղեկացրել է Tert.am, ՀՀ գլխավոր դատախաղությունը մերժել է Քոչարյանի խափանման միջոց կալանքը  փոխելու վերաբերյալ ՀՀ ԱԺ 45 պատգամավորների միջնորդությունը: «Նախաքննության ներկա փուլում պահպանվում են Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման հիմքերը և անազատության հետ չկապված այլ խափանման միջոցի ընտրությունը դեռևս ի զօրու չէ երաշխավորել մեղադրյալի պատշաճ վարքագծով պայմանավորված քննության անխափան ընթացքը»,-հայտարարել է Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: Իհարկե, շատ առումներով Դատախազության որոշումը սպասելի պետք է համարել՝ պայմանավորված հայտնի հանգամանքներով. Քոչարյանի ազատ արձակումը պատգամավորների ստորագրությունների հիմքով մի տեսակ անտրամաբանական կլիներ այն ամենից հետո, ինչին ականատես է դարձել հասարակությունը վերջին շրջանում. հո տուն-տունիկ չե՞ն խաղում… Բոլոր դպքերում պարզից էլ պարզ է, որ Քոչարյանն այլևս քաղաքականության մեջ է՝ անկախ  օրենքի առաջ ունեցած սեփական կարգավիճակից, իսկ այս հանգամանքն առաջին պլան է մղում այն կարևորագույն հարցը, թե կոնկրետ ինչպես է պատրաստվում Քոչարյանն ինքնառեալիզացվել քաղաքական դաշտում: ՀՀԿ մամլո խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը 168.am հետ հարցազրույցում հայտարարել է, որ Քոչարյանի քաղաքականություն վերադառնալու խոչընդոտ, բացի նրա ազատությունն անօրինական սահմանափակելուց, չի տեսնում՝ նկատելով, որ Հանրապետականն ու Քոչարյանն ունեցել են շուրջ 10-ամյա համագործակցության փորձ, Հանրապետականը եղել է կոալիցիոն 3 ուժերից և ամենամեծ կոալիցիոն ուժը, որ եղել է Քոչարյանի իշխանության հիմնական հենարաններից մեկը: «Այդ տարիները Անդրանիկ Մարգարյան-Ռոբերտ Քոչարյան, հետո՝ Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան և Հանրապետական կուսակցություն-Ռոբերտ Քոչարյան այդ տանդեմը բավականին լուրջ ձեռքբերումներ է ապահովել Հայաստանի Հանրապետության թե՛ արտաքին, թե՛ ներքին քաղաքականության, թե՛ տնտեսական զարգացման համար»,-հայտարարել է ԱԺ փոխխոսնակը։ Շարմազանովի հնչեցրած մտքերն ակնհայտորեն բացահայտում են ՀՀԿ իրական պլանները՝ կապված Քոչարյանի հետ, ու լիարժեքորեն պարզ է դառնում, որ ՀՀԿ պատգամավորների ստորագրահավաքի նախաձեռնությունը պայմանավորված էր ոչ այնքան մարդասիրական նկատառումներով կամ «ճիտին պարտքով», չնայած սա նունպես չի կարելի բացառել, այլ հստակ քաղաքական հաշվարկներով. նախկին հեգեմոնը վերածննդի ուղիներ ու հնարավորություններ է փնտրում, ու ակնհայտ է, որ այս ուժի ընտրությունը կանգնել է Քոչարյանի վրա: Գործնականում ՀՀԿ-ն կորցնելու ոչինչ չունի ու սա մի վերջին փորձ է՝ ապագա ընտրություններում դառնալու հակահեղափոխության առանցնքներից մեկը: Փաստացի ՀՀԿ-ն իր ծառայություններն է առաջարկում Քոչարյանին, բայց հակառակ նույն ՀՅԴ-ի, ով կարծես որոշել է գործել «տակից», ՀՀԿ-ն բաց ճակատով է  ներկայանում՝ առանց ավելորդ «պախկվոցիների»: Այլ հարց է, սակայն, թե կհաջողվի՞, արդյոք, ՀՀԿ-ին իսկապես իրենով անել Քոչարյանին: Մի պարագայում, երբ տարիներ ի վեր նրանք գտնվել են միմյանց հակադիր բևեռներում, այժմ մի փոքր դժվար է իսկապես վերականգնել կամուրջներն, ու ամեն բան սկսել նոր էջից: Ճիշտ է՝ Շարմազանովը որպես Քոչարյան-ՀՀԿ բեղուն համագործակցության ապացույց իր հարցազրույցում կարծես ինչ-որ բաներ փորձում է հիշեցնել, սակայն ակնհայտ է, որ զուտ օբյեկտիվորեն ներկայիս ՀՀԿ-ն չի կարող Քոչարյանի լավագույն ընտրությունը համարվել՝ պայմանավորված առաջին հերթին այդ կուսակցույան ժողովրդական զրոյական վարկանիշով: Մյուս կողմից՝ հարց է նաև այն, թե ՀՀԿ-ին ի՞նչ իրական այլընտանք կարող է գտնել Քոչարյանը՝ ակտիվ քաղաքականություն վերադառնալու պարագայում. «մենյուն« կարծես այնքան էլ հարուստ չէ: Բոլոր դեպքերում նա ստիպված է լինելու ինչ-որ գործարքի մեջ մտնել ՀՀԿ-ի հետ՝ չնայած դրանից իր համար բխող որոշակի ռիսկերին: Մյուս կողմից՝ անկասկած է, որ Քոչարյանի՝ ակտիվ քաղաքականություն վերադարձի հարցն ինքնին չափազանց մշուշոտ է. Քոչարյանի ազատ արձակումը կամ, առավել ևս, արդարացումը կարող է կործանարար հարված հասցնել հեղափոխությանը. Փաշինյանը կարող է կանգնել փաստի առաջ՝ կորցնելով սեփական անձի նկատմամբ ժողովրդի ունեցած վստահությունը: Իսկ սա իր հերթին նշանակում է, որ Փաշինյանը ստիպված է լինելու գնալ մինչև վերջ՝ ռիսկի տակ չդնելով հեղափոխության ապագան ու վարկը. սա կենաց-մահու պատերազմ է, ուր հաղթողը ձեռք է բերելու ամեն ինչ, իսկ պարտվողը կորցնելու է կարևորագույնը՝ երազելու իրավունքը: Norlur.am        
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.