Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի նորանշանակ ներկայացուցչին

Օգոստոսի 3-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գրասենյակի նորանշանակ ներկայացուցիչ Ելենա Միլոշևիչին՝ վերջինիս հավատարմագրերի հանձնման կապակցությամբ: Այս մասին հայտնում են ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից: Շնորհավորելով Ելենա Միլոշևիչին պաշտոնը ստանձնելու առթիվ՝ Ռուբեն Ռուբինյանը կարևորել է ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի միջև հաստատված արդյունավետ փոխգործակցությունը՝ Հայաստանում տարբեր ծրագրերի իրականացման համատեքստում: Երկուստեք գոհունակությամբ նշվել է վերջին տարիներին դպրոցական սննդի ապահովման ոլորտում Հայաստանի արձանագրած հաջողությունները և կուտակած մեծ փորձը, ինչն էլ 2016թ. սեպտեմբերին Հայաստանում Երեխաների սնուցման 18-րդ գլոբալ ֆորումի անցկացման առիթ էր դարձել: Կողմերն ընդգծել են, որ ներկայումս «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի արդյունքում ՀՀ տարբեր մարզերում հազարավոր երեխաներ ապահովված են դպրոցական սննդով: Հանդիպման ընթացքում կարևորվել է նաև ՄԱԿ-ի «Կայուն զարգացման 2030 օրակարգի» իրականացումը, որի նպատակների մեծ մասը վերաբերում է երեխաների և մայրերի առողջության ու սնուցման բարելավման խնդիրներին: Զրուցակիցները փոխշահավետ սերտ համագործակցության խորացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերին են նաև անդրադարձել:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.