Արծվիկ Մինասյանը և ՀՀ-ում Չինաստանի դեսպանը քննարկել են համագործակցության հարցեր

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունի հետ։ Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալներ Մանե Ադամյանը, Ավագ Ավանեսյանը, Հակոբ Ավագյանը, այլ պաշտոնատար անձինք։ Ողջունելով դեսպանին՝ նախարարը կարևորել է Չինաստանի հետ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը, շնորհակալություն հայտնել համատեղ աշխատանքի և իրականացվող ծրագրերի ու աջակցության համար։ Դեսպան Էրլունը ողջունել է նախարար Մինասյանի վերադարձը և տնտեսության ոլորտում նրա շարունակական գործունեությունը, անդրադարձել Հայաստանում իրականացվող ծրագրերին։ Հանդիպմանը երկուստեք նշվել է, որ առևտրատնտեսական հարաբերությունների աշխուժացման և վերագործարկման անհրաժեշտություն և լավ պոտենցիալ կա։ Դրական դինամիկա կա գրեթե բոլոր ոլորտներում։ Նախարարը ներկայացրել է Հայաստանում իրականացվող տնտեսական բարեփոխումները, անդրադարձել ներդրումային դաշտի և գործարար միջավայրի բարելավման աշխատանքներին։ Քննարկվել են թեթև արդյունաբերության, տեղեկատվական տեխնոլոգիաների, վերականգնվող էներգետիկայի, ուղևորափոխադրումներին և բեռնափոխադրումներին, ինչպես նաև մի շարք այլ ոլորտներին վերաբերող հարցեր։ Նշվել են զբոսաշրջության ոլորտում արձանագրված աճը և նոր մակարդակի հասնելու հնարավորությունները։ Անդրադարձ է եղել Պեկինում աշնանը նախանշվող հայ-չինական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի նախապատրաստական աշխատանքներին։ Հանդիպման ավարտին կողմերը ևս մեկ անգամ կարևորել և հաստատել են տնտեսական երկկողմ հարաբերությունների ընդլայնման պատրաստակամությունը։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.