Գագիկ Ծառուկյանը Գևորգ Պետրոսյանի հանդեպ շարունակում է գործընկերային նորմալ վերաբերմունք ունենալ․ Իվետա Տոնոյան

Երեկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պաշտոնական հաղորդագրություն տարածեց, ըստ որի Երեւանի ավագանու ընտրություններին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակը կգլխավորի Նաիրա Զոհրաբյանը: Այս հայտարարությանը բացասական էր արձագանքել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ։ Թեմայի շուրջ Slaq.am-ը զրուցեց ՀՀ ԱԺ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Իվետա Տոնոյանի հետ։ -Տիկին Տոնոյան ինչպե՞ս է Գագիկ Ծառուկյանը վերաբերվում Գևորգ Պետրոսյանի հայտարարությանը: -Կարծում եմ բոլորի համար էլ պարզ է, որ Գևորգ Պետրոսյանի նախօրեին հնչեցրած գնահատականներն անսպասելի էին մեզ համար: Իհարկե Գևորգ Պետրոսյանը երեկվանից մի քանի անգամ շեշտել է, որ իր հայտարարությունը ոչ թե Գագիկ Ծառուկյանի, այլ ԲՀԿ քաղաքական թիմի և քաղխորհրդի որոշման դեմ է, սակայն կարծում եմ, որ եթե մեր գործընկերը ներկա լիներ քաղխորհրդի նիստին՝ հնարավորություն կունենար իր կարծիքը բարձրաձայն, բոլորի ներկայությամբ արտահայտելու և իր քվեարկությամբ թեկնածության հետ կապված դիրքորոշումը հայտնելու, այլ ոչ թե լրատվամիջոցների միջոցով տեղեկացնելու իր վերաբերմունքի մասին: ԲՀԿ- ում երբեք ներկուսակցական ժողովրդավարության պակաս չի եղել և յուրաքանչյուր ոք բացարձակ ազատ է իր տեսակետն ու դիրքորոշումները հայտնելու, դրանք հիմնավորելու և անհրաժեշտության դեպքում արձագանքներ լսելու հարցում: Գագիկ Ծառուկյանն անձամբ ինքն է մշտապես բոլորին հորդորում ցանկացած հարցում թիմի ներկայությամբ ներկայացնել սեփական դիրքորոշումները, հիմնավորել դրանք հենց թիմի առջև, և Գևորգ Պետրոսյանի քաղխորհրդի նիստից հետո հնչեցրած գնահատականները հենց այս համատեքստում են տարակուսելի: Գագիկ Ծառուկյանն անկախ ամեն ինչից հարուստ կենսափորձ ունեցող քաղաքական գործիչ է և Գևորգ Պետրոսյանի հանդեպ շարունակում է մարդկային, գործընկերային նորմալ վերաբերմունք ունենալ, սակայն այստեղ արդեն ամբողջ քաղաքական թիմի մոտ է հարց առաջանում՝ Գևորգ Պետրոսյանի հետ համատեղ աշխատանքի հնարավորության վերաբերյալ: Եթե մեր քաղաքական թիմի անդամի համար անընդունելի է մի ամբողջ քաղխորհրդի ընդունած որոշում՝ ապա կարծում եմ թիմն իրավունք ունի արդարացիորեն բարձրացնել համատեղ հետագա աշխատանքի հնարավորության վերաբերյալ հարցը: Լավ կլինի, որ մեր գործընկերն անձամբ պատասխանի, թե որքանով է հնարավոր համարում շարունակել աշխատանքը մի թիմում, որի կայացրած որոշման վերաբերյալ նման անհանդուրժողական վերաբերմունք է հայտնել:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.