Երևանը՝ Մոսկվայի ու Վաշինգտոնի արանքում. Թրամփը կնահանջի՞

Ինչպես հայտնի է, ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանն օրերս հաստատել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանի բացման շրջանակներում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հնարավոր հանդիպման մասին՝ շեշտելով, սակայն, որ դեռևս վերջնական պայմանավորվածություն այդ հարցում չկա: Հայտնի է դարձել նաև, որ ԱՄՆ-ի Կոնգրեսի Հայաստանի հարցերով խումբը նամակ էր հղել նախագահ Թրամփին` կոչ անելով սեպտեմբերին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հանդիպել Հայաստանի վարչապետի հետ: Ամերիկայի հայկական համագումարի հաղորդմամբ՝  նամակը ստորագրել են 48 կոնգրեսականներ՝ կարևորելով Հայաստանում կատարված փոփոխություններն ու դրանց լույսի ներքո հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացումը: 168.am-ը բավական ուշագրավ հարցազրույց է հրապարկել ամերիկացի վերլուծաբան Փոլ Սթրոնսկիի հետ, ուր խոսք էր գնացել հայաստանյան նոր իշխանությունների առաջ ծառացած ներքին ու արտաքին մարտահրավերների, ինչպես նաև հայաստանյան նոր իրողությունների պայմաններում Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների ապագայի մասին: Պետք է նկատել, որ նման հարցազրույցները հատկապես երկրների ղեկավարների ակնկալվող հանդիպման ֆոնին բավական կարևոր նշանակություն են ունենում՝ առնվազը մոտավոր պատկերացում կազմելու համար, թե ինչ կարելի է ակնկալել այս կամ այն հանդիպումից՝ առհասարակ: Սթրոնսկին հարցարզույցում նախ արձանագրել է, որ Փաշինյանի կառավարության առաջ ծառացած խնդիրներն իսկապես ահռելի են, ու դրանց լուծման համար բավական երկար ժամանակ է պահանջվելու՝ անկախ հայաստանյան հասարակության ունեցած շուտափույթ սպասումներից, ապա խոստովանել, որ այժմ Ամերիկայի համար Անդրկովկասը կամ հենց Հայաստանը իրենց կարևորությամբ բնավ առաջնային նշանակության խնդիրներ չեն դիտարկվում. այժմ ամերիկյան վարչակարգը կենտրոնացած է հիմնականում ԱՄՆ ներքին խնդիրների ու մի քանի արտաքին մարտահրավերների լուծման վրա: «Մի իրավիճակում, երբ հայկական կողմը ևս չունի հավելյալ ցանկություններ, ԱՄՆ-ի հետ հարաբերություններում փոփոխություններ չեն լինի: ԱՄՆ-ը նույնիսկ հարաբերությունների տնտեսական բաղադրիչը շարունակելու համար պետք է տեսնի, թե ինչպես է փոխվում դաշտը ներքաղաքական փոփոխություններից հետո, ինչպես է վերացվում կոռուպցիան, քանի որ այդ ոլորտում ԱՄՆ-ը իսկապես ներդրումներ է ունեցել, և դա կարևոր է Նահանգների համար: Ուստի Հայաստանի արևմտյան գործընկերներին ժամանակ է անհրաժեշտ հասկանալու համար, թե ինչ փոփոխություններ են իրականացնում նոր իշխանությունները, որքանով են դրանք արդյունավետ»,-իր խոսքում ընգծել է ամերիկացի վերլուծաբանն ու ենթադել, որ նոր իրավիճակում ՀՀ-ն գուցե փորձի լուծել հայ-ռուսական հարաբերություններում նկատվող անհամաչափությունից բխող ինչ-ինչ խնդիրներ՝ միաժամանակ ակնարկելով, որ Արևումտքը հասկանում է հայ-ռուսական հարաբերությունների բնույթն ու հարգում Հայաստանի կեցվածքը. ավելի մեծ հավակնություններ չունեն: Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո, որը, սակայն, խորքային իմաստով ընդամենն իշխանափոխություն էր և ոչ ավելին, թիվ մեկ հարցերից մեկը, որ ծառացել  է Հայստանի առաջ, արտքին քաղաքականության ոլրոտում փոխլրացման խնդիրն է. բոլորը հասկանում են, որ ժամանակակից աշխարհում անթույլատրելի է միայն մեկ կենտրոնից ունեցած կախվածությունն, ու հարկավոր է  հնարավորինս ընդլայնել շփման դիապազոնն ու բարեկամների շրջանակը: Փաշինյան-Թրամփ ակնկալվող հանդիպումն, անկասկած, առավելապես հենց այս դիտանկյունից է կարևորվում Հայաստանի համար. ժողովրդավարության կապիտալիզացիայի տեսանկյունից հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացումն ու խորացումը կյարևորագույն քայլերից մեկը կլիներ, ինչը թույլ կտար Հայաստանին մի կողմից  ներդրումներ բերել քայքայվող տնտեսություն, մյուս կողմից՝ արտաքին քաղաքական խնդիրների լուծումն է՛լ ավելի արդյունավետ կդառնար. խոսքն առաջին հերթին, իհարկե, արցախյան հիմնահարցի մասին է: Կարելի՞ է, արդյոք, վերլուծաբանի խոսքերից ենթադրել, որ եթե նույնիսկ Փաշինյանն ու Թրամփը հանդիպեն էլ, ապա այդ հանդիպումից մեծ սպասելիքներ ունենալը կարելի չէ՝ պայմանավորված հատկապես Թրամփի վարչակազմի՝ Անդկովկասի նկատմամբ ունեցած սառը վերաբերմունքով, ինչպես նաև ռուս-ամերիկյան հարաբերությունների հարցում ԱՄՆ նախագահի որդեգրած քաղաքականությամբ: Վաշինգտոնում  իրականում շատ լավ հասկանում են, որ Հայաստանի ուղղությամբ հնարավոր ակտիվացման պարագայում Նահանգները կարող են բախվել ռուսական հակազդեցությանը, քանի որ Երևանն ավանդաբար համարվում է Մոսկվայի «տարածք»: Այն պարագայում, երբ այսօր ԱՄՆ-ՌԴ հարաբերութունները չեն փայլում իրենց որակով ու ունեցած մակարդակով ու շատ առումներով «մազից կախված» են, Վաշինգտոնի համար  մի փոքր ռիսկային կարող է լինել  Երևանի նկատմամբ դրսևորվելիք հետաքրքրասիրությունը. Թրամփն ակնհայտորեն որոշել է Պուտինի հետ ունեցած խնդիրների հարթման ճանապարհով գնալ, ու դժվար թե  Մոսկվայի համար զգայուն հարցերում ավելորդ նախաձեռնողականություն դրսևորի: Ակնհայտ է, սակայն, որ Արևմուտքի հետ Հայաստանի ունեցած հարաբերությունների պոտենցիալը բնավ սպառված չէ: Ինչպես Փոլ Սթրոնսիկն էր նշել, ԱՄՆ դեռևս սպասում է, իսկ թե ինչին է սպասում, առավել քան պարզ է՝ իրական ժողովրդավարական արժեքների արմատավորմանը Հայաստանում, ինչը թույլ կտա և՛ Հայաստանին, և՛ Արևմուտքին միմյանց ընդառաջ  ավելի համարձակ քայլեր անել, միմյանց համար առավել ընկալելի դառնալ, լինել իսկապես վստահելի գործընկերներ ու իսկապես իրացնել երկկողմ հարաբերությունների ողջ ներուժը, որն, իհարկե, չի կարող ուղղված լինել որևիցե երրորդ երկրի կենսական շահերի դեմ: Norlur.am        
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.