ՀԲՖ նախագահ Արթուր Գևորգյան. Քանի դեռ մենք առաջ ենք գնում, պետք չէ խանգարել

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը պաշտոնում վերընտրվելուց հետո պատասխանել է լրագրողների հարցերին.   - Այս պահին այլ թեկնածուներ չկան, չնայած դրա համար բավականին ժամանակ կար: Ըստ Ձեզ, ո՞րն է պատճառը: Արդյոք ներդրումնե՞րն են պատճառը:   - Ինչպես հիշում եք` անցած անգամ ես ժամանակավորապես դադարեցրի իմ լիազորությունները, որպեսզի դրանով էլ ավելի շատ հնարավորություն տամ մարդկանց գան առաջադրվեն և ունենան հավասար մրցակցային պայմաններ:   Կարծես թե հայտնվեց մի երիտասարդ, ով ցանկություն հայտնեց բռնցքամարտում գումարներ ներդնելու և առաջադրվելու: Ցավոք, կարծում եմ այնքան իր մեղքը չէր, որքան այն մարդկանց, ովքեր իրեն հուշել էին. տղային ճիշտ չէին բացատրել ու ձևաչափին չէին տիրապետում: Այնպես չէ, որ 30-40 հոգով հավաքվեն և ֆեդերացիայի նախագահ ընտրեն: Դա նույնն է, որ 105 հոգի կարող է հավաքվել մի տեղում և վարչապետ ընտրել: Դա աբսուրդ է: Հայաստանի հանրապետությունում ֆեդերացիայի նախագահը կարող է լինել միայն ՀՀ քաղաքացի: Դա նույնպես նրան չէին տեղեկացրել:   - Միշտ ասում եք «այդ տղան, այդ տղան»: Կմանրամասնե՞ք` ում մասին է խոսքը:   - Անունը Հովհաննես է: Ազգանունը չեմ հիշում, կներեք: Կայքերից մեկում եմ տեսել հայտարարություն, որ նա ցանկություն ունի առաջադարվելու ՀԲՖ-ի նախագահի պաշտոնում: Շատ ուրախ եմ այդ առթիվ, մեր դռները բաց են, մեր համագործակցությունը կարող է լինել ցանկացած կերպ, բայց մնում է, որ այդ տղան գա և դիմի մեզ:   - Այսինքն անձամբ չե՞ք հանդիպել նրա հետ:   - Ոչ, ինձ հետ ոչ-ոք չի հանդիպել: Ֆեդերացիա ոչ մեկը չի եկել: Ոչ-ոք հայտ չի ներկայացրել:   - Իսկ պատճառը ո՞րն է:   - Չգիտեմ: Զարմանալի է, որ մեր սպորտի կառույցներն էլ չեն տիրապետում օրենքին: Կամ նախարարությունից կամ ՀԱՕԿ-ից մեկը նրան պետք է հուշեր, որ այդպես չէ ընթացակարգը: Ֆեդերացիայի համաժողովի անցկացման օրը որոշում է AIBA-ն: Մենք մեկ ամիս առաջ  նրանց տեղեկացնում ենք, որ մտադիր ենք համաժողով անցկացնել, ու նրանք նշանակում են օր: Մինչև դա նրանք ընդունում են նախագահի թեկնածուների, գործկոմի անդամների հայտերը: Նկատեցի, որ այսօրվա համաժողովին մարզադպրոցներից մեկը չի ներկայացել: Այդպես են սովորաբար վարվում այն մարզադպրոցները, որոնք գտնվում են պետական կառույցի ենթակայության տակ: Անընդունելի եմ համարում ճնշում գործադրելը սպորտային կառույցների վրա: Սպորտը որևէ մեկի սեփականությունը չէ: Մենք նամակ էինք ուղարկել և այս համաժողովին հրավիրել նաև սպորտի նախարարության ներկայացուցչին, ՀԱՕԿ-ի ներկայացուցչին, բայց նրանք ևս չեկան: Հրավեր էինք ուղարկել նաև Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտ, որի ներկայացուցիչ, իմ վաղեմի ընկեր Աշոտ Դանիելյանը ընդունել էր հրավերն ու ներկա գտնվել համաժողովին: Այնպես որ, մենք ամբողջ ընթացակարգն օրինական ենք անցկացրել:   - Ի՞նչն է պատճառը, որ չեն ներկայացել:   - Անցած համաժողովին էլ երեք կառույցից ներկայացուցիչ չկար: Մենք նամակ ուղարկեցինք ու խնդրեցինք բացատրել, թե որն է պատճառը: Նրանցից երկուսը շատ ադեկվատ պատասխան գրեցին, որ ինչ-ինչ պատճառներով այդ ժամին չէին կարող ներկա գտնվել: Դա ընդունելի է: Իսկ մյուս կառույցն ընդհանրապես հրաժարվում է բացատրել:   - Պարոն, Գևորգյան այսօր որևիցէ մեկը Ձեր վերընտրմանը դեմ չքվեարկեց: Ի՞նչ եք կարծում ` կայի՞ն ամեն դեպքում մարդիկ, ովքեր դեմ են Ձեր պաշտոնավարմանը:   - Սա ընտանիք է: Մենք դեմ խոսում ենք, քննադատում ենք: Այնպես չէ, որ այստեղ մեկն ասում է, բոլորը համաձայնվում են: Պարզապես մենք կարող ենք դեմ խոսել, բայց դեմ չքվեարկել: Բայց խնդիրներ կան, դրանց մասին միշտ բարձրաձայնվում է, մարդիկ միշտ բարձրաձայնում են իրենց տեսակետերը ու ամեն ինչ քննարկվում է:   - Պարոն Գևորգյան, 5 տարի է հանդիսանում եք ՀԲՖ-ի նախագահը: Չե՞ք կարծում, որ նոր դեմքեր են պետք ֆեդերացիային:   - Խնդիրը հենց դա է: Ես որդեգրեցի մի քաղաքականություն ու անցանք նոր դեմքերի: Ցավոք, մեր հին մարզիչները ոչ ուզում են արդիականացվել, ոչ ուզում են կրթվել, սովորել, ոչ էլ ուզում են հեռանալ: Ամբողջ խնդիրը դա է: Բողոքում են բոլոր երիտասարդ մասնագետներից: Ինչու՞: Ժամանակները փոխվել են, բռնցքամարտը փոխվել է: Մարզվելու ու մարզելու մոտեցումները փոխվել են: Ես կանգ չեմ առնելու և հնարավորություն եմ տալու տաղանդավոր ու նոր մարզիչներին աշխատելու: Բավականին շատ փոփոխություններ ենք արել, որոնք բուռն են ընդունվել, քննադատվել: Բոլորը չէ, որ պատրաստ են փոփոխությունների և նոր էջից սկսելու: Մեզ հաջողվել է, մենք առաջ ենք գնում, ու քանի դեռ մենք առաջ ենք գնում, պետք չէ խանգարել: Ընդ որում, մենք առաջ ենք գնում այն տղաների հետ, որոնցից նախկին մասնագետներն ինձ համոզում էին ազատվել: Ումից` ուզում էին ազատվել, այսօր Եվրոպայի չեմպիոն է, աշխարհի մրցանակակիր: Ես ինքս մարզիկ եմ եղել ու լավ գիտեմ բռնցքամարտի խնդիրները: Ժամանակին այս մասնագետներն իմ դեմ էին պայքարում` որպես մարզիկի: Կոռուպցիա չկա բռնցքամարտում, ոչ մեկին դուր չի գալիս: Սա տուրիստական գործակալություն չէ, որ մրցմանը 10 մասնագետ մեկնի ու ընդամենը 6 բռնցքամարտիկ: Մեր մոտ չեն լինում նման բաներ: Ես հասկանում եմ, որ մեր գործելաոճով խփեցինք շատ մարդկանց գրպաններին: Ես հանցագործություն եմ համարում պետական միջոցներն անտեղի օգտագործելը:   - Նշեցիք, որ պետական կառույցները միջամտում են ֆեդերացիայի աշխատանքներին: Կմանրամասնե՞ք ինչի մասին է խոսքը:   - Կոնկրետ ֆեդերացիայի համաժողովի անցկացման, նախագահի ընտրությունների հետ կապված մի շարք միջամտություններ են եղել: Մի շարք մասնագետների հորդորել են չգնալ, չմասնակցել: Դա անընդունելի եմ համարում:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.