Մարուքյանն ու Սարգսյանը՝ փակուղու առաջ. նրանց ճակատագիրն անհայտ է

«Փաստ»-ը գրել է, որ Էդմոն Մարուքյանը և  Արամ Սարգսյանը որոշել են ավագանու, ինչպես նաև խորհրդարանական ընտրություններին մասնակցել «Լուսավոր Հայաստան» և  «Հանրապետություն» կուսակցությունների  դաշինքով: Ըստ նույն աղբյուրի՝ դաշինքը կոչվելու է «Լուսավոր Հանրապետություն»: Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն էլ, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով «ԵԼՔ» դաշինքի ճակատագրին, հայտարարել էր, թե կարող է լինել մեկ կուսակցություն, որը կհիմնվի Քաղաքացիական պայմանագիր կուսակցության արժեքների և թավշյա հեղափոխության օրակարգի վրա: Այն, որ «ԵԼՔ»-ի՝ որպես միասնական քաղաքական դաշինքի ճակատագրի հարցը դեռ հեղափոխության առաջին օրերից սկսած բավական լուրջ հարցերի տեղիք էր սկսել տալ, գաղտնիք չէ: Իշխող էր այն կարծիքը, որ պայմանավորված քաղաքական հայտնի իրողություններով ու «ԵԼՔ»-ին մաս կազմող համապատասխան ուժերի՝ շատերի համար անհասկանալի կեցվածքով, գալու է մի շրջան, որ դաշինքի գոյությունն այլևս կորցնելու է իր իմաստն՝ առհասարակ. Փաշինյանի համաժողովրդական վարկանիշի պայմաններում ԼՀ-ի, «Հանրապետության» առաջնորդների վարկանիշն ուղղակի ծիծաղելի էր թվում: Հիմա, փաստրոեն,  մամուլում հայտնված լուրերի ֆոնին Միրզոյանը բացեիբաց հայտարարում է, որ  Փաշինյանի ՔՊ-ին այլևս ոչ ոք ու ոչինչ հարկավոր չէ՝ յուրատեսակ ուլտիմատում նեկայացնելով թե՛ Մարուքյանին, թե՛ Սարգսյանին, որն իրականում ոչ այլ ինչ է, քան ընդամենը փաստի ֆիքսում: Միրզոյանի խոսքերն բխում են այն իրականությունից, որն այժմ բնորոշ է հայաստանյան քաղաքական ողջ դաշտին. մարդկանց բացարձակապես չի հետաքրքրում, թե այս կամ այն ուժն ինչպես է կոչվում կամ կկոչվի ապագայում: Նրանց հետաքրքրում է բացառապես Նիկոլ Փաշինյանի անձը, հենց նրա հետևից է գնացել ու գնալու հասարակությունն՝ անկախ այն բանից անգամ, թե անձամբ Փաշինյանն ինչ ֆորմատով է մասնակցելու արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ ասենք որպես առանձին անհա՞տ, թե՞ քաղաքական ուժի առաջնորդ: Իսկ այս իրավիճակում  «ԵԼՔ»-ի մաս կազմող ԼՀ-ն ու «Հանրապետությունն» իրենց առաջնորդներով հանդերձ վերածվում են մի տեսակ «ձրիակարների»՝ այս բառի բացառապես քաղաքական իմաստով, ավելին՝ նրանց հայտնվելը Փաշինյանի կողքին ինչ-որ իմաստով կարող է նույնիսկ անհասկանալի դիտարկվել հանրության կողմից, քանի որ հեղափոխության կերտման ու հաղթանակի գործում այդ ուժերը գրեթե լումա չունեն ներդրած, այլ ընդամենը դարձել են դրա պտուղներից ձրիաբար օգվող միավորներ՝մի իրավիճակ, որը չի կարղ քաղաքականության մեջ հանդուրժելի համարվել: Իսկ թե որքանով կհաջողվի նոր դաշինքին շահել հասարակության գոնե մի մասի աջակցությունն ու ներթափանցել  ապագա խորհրդարան, թերևս, ընտրությունների արդյունքում միայն կարող է պարզ դառնալ: Միանշանակ է, սակայն, որ այդ անելը նրանց համար չափազանց բարդ է լինելու՝ պայմանավորված միանգամայն օբյեկտիվ գործոններով: Norlur.am    
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.