Բաքվում ոգևորվել են. ի՞նչ է հայտարարել Ալիևը

Հայ-ռուսական հարաբերությունների առնվազն առերևույթ լարման ֆոնին Ալիևը հանդես է եկել նոր հայտարարությամբ՝ խոսելով Հայաստանի նոր ղեկավարության կողմից հնչած առաջարկի մասին՝ Արցախի՝  բանակցային պրոցեսին միանալու վերաբերյալ. Ալիևը կտրականապես մերժել է Երևանի առաջարկն ու հայտարարել, թե դա ընդհանրապես անընդունելի է, և «նման առաջարկով հանդես եկող երկիրը անկասկած գիտի, որ այն չի ընդունվի»: «Մյուս կողմից` այդ առաջարկը երբեք չի ընդունվի միջնորդների կողմից»,-վստահություն է հայտնել Ալիևն ու հավելել, որ իրենք էլ են խաղաղություն ուզում, բայց նախևառաջ հողերն են ուզում: «Մինչև մեր հողերը չվերադարձվեն, խաղաղություն չի լինի, և Հայաստանի նոր ղեկավարությունը պետք է դա լավ հասկանա: Եթե Հայաստանի ղեկավարությունը շարունակի զբաղվել բանակցությունների ձգձգմամբ, մենք կշարունակենք մեր մեկուսացնող քաղաքականությունը՝ օգտագործելով բոլոր միջոցները է՛լ ավելի ցնցելու Հայաստանը»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը: Ուշագրավ է այն, որ Ալիևի հայտարարությունը հնչում է  Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի խոսնակ Հիքմեթ Հաջիևի այն հայտարարության ֆոնին, թե Ադրբեջանը, համաձայն Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների՝ «ապահովելու է իր տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը՝ միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակում»: «Մենք կոչ ենք անում ԵԱՀԿ բոլոր անդամներին կոշտ և հստակ պահանջել Հայաստանից կատարել իր պարտավորությունները՝ Հելսինկյան եզրափակիչ ակտի և այլ միջազգային իրավունքի փաստաթղթերի համաձայն, դադարեցնել ընդդեմ Ադրբեջանի ուժի կիրառումը և դուրս բերել զորքերը Ադրբեջանի օկուպացված տարածքներից»,- օգոստոսի առաջին օրը հայտարարել էր Ադրբեջանի ԱԳՆ մամլո խոսնակը: Թե ինչը կարող է լինել ադրբեջանցիների ոգևորության պատճառն, այնքան էլ դժվար չէ կռահել. հայ-ռուսական հարաբեություններում վերջին շրջանում նկատվող որոշակի տհաճ նյուանսներն են, ու ենթադրելի է, որ ռուսական մամուլում տեղ գտած վերջին հրապարակումները, թե հայ-ռուսական ռազմական համագործակցությունը կարող է խաթարվել, մեծ ոգևորության առիթ են տվել Բաքվին: Ադրբեջանին ավելի ինքնավստահ զգալու առիթ կարող էր տալ նաև Խաչատուրովի շուրջ ընթացող պրոցեսները, քանի որ Բաքվում ակնհայորեն հույս ունեն, որ այդ ամենը բացասաբար կանդրադառնա ՀԱՊԿ-Հայաստան հարաբերությունների վրա, ու ճակատագրական պահին Հայաստանը կարող է զրկվել կարևոր աջակցությունից: Ինչ վերաբերում է կոնկրետ Ալիևի ելույթին, ապա այն մի տեսակ հակասական տպավորություն է թողնում. մի կողմից  ապշերոնյան միապետը հանդես է գալիս «վճռական» հայտարարությամբ՝ պահանջելով հետ վերադարձնել տարածքները (դատելով ամենայնից՝ Ալիևը «տարաքներ» ասելով նկատի ունի նաև Արցախը), մյուս կողմից, սակայն, հակառակ սովորության ձեռնպահ է մնում Երևանը գրավելու մասին սպառնալից հայտարարություններից՝ բավարարվելով ընդամենը «մենք կշարունակենք մեր մեկուսացնող քաղաքականությունը՝ օգտագործելով բոլոր միջոցներն՝ է՛լ ավելի ցնցելու Հայաստանը» ձևակերպմամբ: Ինչի՞ նշան սա կարող է լինել, Ալիևը դեռևս որոշել է սպասել ու առնվազն աշնանը մարտական գործողություններ չսկսե՞լ՝ բավարարվելով ունեցած «հաչող շան» կարգավիճակով, թե՞ ձեռնպահ է մնում կոպիտ հայտարարություններից՝  հղում կատարելով Մինսկի խմբի համանախագահներին, որպեսզի ազդակ հղի նաև այդ երկրներին՝ Երևանի վրա ճնշում բանեցնելու համար. իբր Բաքուն տարածաշրջանը չի պայթեցնի, եթե Երևանը տարածքները տա: Ենթադրելի է՝ երկուսը միասին Բոլոր դեպքերում ակնհյատ է, որ Ադրբեջանում վերջին շրջանում  մի տեսակ մոլորվել են, ու տպավորություն է՝ ասես չեն կարողանում իրենք իրենց համար պարզել՝ ի՞նչ անեն, որպեսզի ստիպեն Երևանին հաշվի նստել իրենց հետ: Սպառնալիքներ հնչեցնելն ակնհայտորեն այլևս չունի այն հոգեբանական ազդեցությունը, որը միգուցե ուներ ամիսներ առաջ: Norlur.am  
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.