Արցախում չկա գրեթե մի համայնք, որտեղ «Հայաստան» հիմնադրամի միջոցներով որևէ կարևոր խնդիր լուծված չլինի. ԱՀ պետնախարար

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը օգոստոսի 2-ին ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Պետրոս Թերզյանին: Այս մասին տեղեկացնում են ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Պետական նախարարը բարձր է գնահատել «Հայաստան» համահայկական հիմնադրամի մասնակցությունն Արցախի համար կենսական հարցերի լուծման գործում: Գ. Մարտիրոսյանն ընդգծել է, որ Արցախում չկա գրեթե մի համայնք, որտեղ Հիմնադրամի միջոցներով որևէ կարևոր խնդիր լուծված չլինի: ««Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ այսօր էլ շարունակվում են առաջնահերթ նշանակության բազմաթիվ ծրագրեր իրականացվել: Համոզված եմ, որ Արցախի զարգացման հեռանկարում Հիմնադրամը՝ որպես վստահելի գործընկեր, շարունակելու է իր կարևոր ներդրումն ունենալ՝ միավորելով համահայկական ներուժը»,- ասել է պետնախարարը: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Պետրոս Թերզյանը ներկայացրել է այցի մանրամասները: Նա, մասնավորապես, նշել է, որ ծանոթացել են իրականացվող նախագծերի ընթացիկ աշխատանքներին, ինչպես նաև մի շարք համայնքներում ներկա են գտնվել Հիմնադրամի միջոցներով կառուցված՝ բազմազավակ ընտանիքների առանձնատների բացմանը: Հանդիպման ընթացքում զրուցակիցները խոսել են Հիմնադրամի միջոցներով Արցախում կառուցված համայնքային կենտրոնների աշխատանքի արդյունավետության բարձրացման, արևային էներգիայի ստացման համակարգերի ու արտեզյան ջրհորների ծրագրերի ընդլայնման անհրաժեշտության և ընթացիկ մի շարք այլ նախագծերի մասին: Հանդիպմանը մասնակցում էր նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրերի ու արտաքին կապերի բաժնի պետ Վարդան Փարթամյանը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.