Մասնագիտական կրթության ոլորտի սինխրոնիզացումը կապահովի որակյալ կադրեր, նաև պետական հսկայական միջոցներ կխնայվեն. վարչապետ

Մեր իրականության ամենակարևոր խնդիրներից մեկը զուգահեռ իրականությունների գոյությունն է: Կառավարության նիստին այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ըստ նրա՝ Սահմանադրությունը սահմանում է, թե ինչպես պետք է հարաբերությունները կարգավորվեն, իսկ իրականում հարաբերությունների զգալի մասը կարգավորվում է լրիվ այլ կերպ: «Մեր խնդիրն այդ երկու իրականությունները սինխրոնիզացնելն է, և մենք այդ գործով ենք ՀՀ-ում հիմա զբաղված: Հիմա վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո տեսում ենք, որ զուգահեռ իրականություններ ունենք նաև կառավարման ոլորտում, կրթության ոլորտում՝ մասնավորապես»,- ասաց նա: Նա օրինակ բերեց, որ ՀՀ-ի տարբեր գերատեսչությունների կազմում կան կրթական հաստատություններ, ինչպես, օրինակ, Դիվանագիտական ակադեմիա, ԱԻՆ ակադեմիա, Արդարադատության ակադեմիա, Պետական կառավարման ակադեմիա և այլն: Մյուս կողմից, ըստ նրա, կան բուհական համակարգեր, որտեղ պատրաստում են իրավաբաններ, դիվանագետներ և այլն: «Հիմա վստահաբար կարելի է ասել, որ ԱԻՆ ակադեմիայում շատ ավելի լավ մասնագետներ են պատրաստում պրակտիկ առումով, քան ավանդական բուհական համակարգում: Արդյոք այստեղ տրամաբանության խնդիր չունե՞նք, և արդյոք ժամանակը չէ՝ մտածենք, որ սինխրոնիզացնենք կրթական համակարգը, մասնավորապես, այն բուհերը, որոնք պետք է պատրաստեն մասնագետ, իրոք պատրաստեն որակյալ մասնագետ, այլ ոչ թե մասնագետ, որը պրակտիկապես տվյալ ոլորտին ձեռնտու չէ»,- ասաց նա: Վարչապետը նաև մատնանշեց լուծման տարբերակ: «Օրինակ՝ եթե համոզված ենք, որ Դիվանագիտական ակադեմիան ավելի լավ կրթություն է տալիս՝ ունենալով մագիստրատուրայի կարգավիճակ, ինչո՞ւ չենք նույնականացնում, օրինակ, Արտաքին հարաբերություների ֆակուլտետի մագիստրատուրայի հետ: Սինխրոնիզացումը կբերի, նախ, առաջինը, կադրերի պատրաստման առավել արդյունավետ համակարգ ունենալուն, և, երկրորդը, հսկայական պետական միջոցներ կխնայվեն. նույն նպատակի համար երկու անգամ պետական միջոցներ ենք ծախսում»,- ասաց նա:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.