ՀՀ-ՌԴ հարաբերությունների լավացման ճանապարհին խոչընդոտ են մարդիկ, ովքեր միայն կենացներ են ասում այդ հարաբերությունների մասին, չեն խոսում խնդիրներից. Սաֆարյան

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, ով խոսելով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման մասին, ասել էր, որ Հայաստանում իրադարձությունները հակասում են երկրի նոր ղեկավարության՝ իրենց քաղաքական նախորդներին հետապնդելուց հրաժարվելու մասին հայտարարություններին, միջամտություն էր Հայաստանի ներքին գործերին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը: «Անկեղծ ասած՝ ես զարմանում եմ, որ կան փորձագետներ, որոնք Լավրովի հայտարարության մեջ չեն տեսնում Հայաստանի ներքին գործերին խառնվելու տարր: Ես խորհուրդ կտայի համեմատել նախորդ հայտարարությունները, որոնք արվել են ԱՄՆ, ԵՄ և նույն Ռուսաստանի կողմից տարբեր նման գործերով: Լավրովն ասում է, թե մեզ անհանգստացնում է, որ հետապնդում եք նախորդ իշխանություններին, հղում է անում կոմպրոմիսի: Մեզ համար հասկանալի չէ, թե «Մարտի 1-ի» հարցում ինչ կոմպրոմիս կարող է լինել, որովհետև տեղի է ունեցել հանցագործություն»,- ասաց Ստեփան Սաֆարյանը: Քաղաքագետն ասաց, որ չի կարծում, թե Լավրովի հայտարարությունը Հայաստանի կողմից պետք է անտեսվի. «Եթե Ռուսաստանում կան որոշակի մտահոգություններ, մենք դա պետք է հասկանանք, որովհետև մենք գործընկերներ ենք, դաշնակիցներ ենք, մենք նույն կառույցի անդամներ ենք»։ Նա նկատեց, թե ռուսական մամուլում շանտաժ են անում, որ Հայաստանում իբրև ՌԴ ռազմաբազայի հեռացում են պահանջում, այնինչ «ո՛չ պաշտոնական, ոչ հանրային մակարդակում չկա նման տրամադրություն»: «Շանտաժ են անում, որ եթե չեք ուզում ռազմական բազա, մենք դուրս կգանք: Բայց ո՞վ է ասել, որ մենք չենք ուզում, ո՞վ է ասել, որ նման հարց չկա Հայաստանում, սա ինչ սպեկուլյացիա է, ես չեմ հասկանում, թե ինչո՞ւ են նման եզրահանգումներ անում: Այն մարդիկ, ովքեր կենացներ են ասում հայ-ռուսական հարաբերությունների մասին, չեն խոսում խնդիրների մասին, առաջին խոչընդոտն են հարաբերությունների լավացման ճանապարհին, որովհետև խնդիրներ կան, բազում պատրվակներ են առաջանում, որոնք վերհանում են խնդիրները»,- ասաց նա:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.