Հայաստանում եկել են իշխանություններ, որոնք պատրաստ են աշխատել Ռուսաստանի հետ, բայց առանց քծնանքի. Ստեփան Գրիգորյան

Հայաստանի նոր իշխանությունները դրական են տրամադրված Ռուսաստանի նկատմամբ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: Նա նշեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը «լավ են տրամադրված Մոսկվայի նկատմամբ», բայց Ռուսաստանի համար նրանք դեռ անծանոթ են, հասկանալի չեն: «Ռուսաստանի իշխանությունները վերջին 20 տարիներին սովորել են, որ Հայաստանում լինեն մարդիկ, ովքեր պատրաստ են եղել տալ ամեն ինչ, որ պահեն իրենց իշխանությունը, և ամեն ինչ արել են: Եվ Ռուսաստանն այս ընթացքում տեսել է միայն դա, որ այդ մարդիկ պատրաստ են հանձնել ինքնիշխանությունը, առանց որևէ բանի տրամադրել կարևոր ենթակառուցվածքներ: Ռուսաստանում սովորել են, որ այդպես է. հիմա կան նոր իշխանություններ, և հասկանալի է, որ Ռուսաստանում չեն ընտելացել նոր մոտեցմանը: Եկել են իշխանություններ, որոնք հետ են կանչում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին, եկել են իշխանություններ, որոնք ուզում են հասկանալ, թե ինչն ինչով է, չեն ստորագրում ամեն առաջարկվող թուղթ»,- մանրամասնեց Ստեփան Գրիգորյանը: Քաղաքագետն ասաց, որ Հայաստանն իրավունք է ունեցել առաջադրել Յ. Խաչատուրովի թեկնածությունը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում և հիմա իրավունք ունի փոխել նրան: «Ռուսաստանի հետ աշխատելիս բոլոր հարցերը պետք է համաձայնեցվեն: Սա իմ խորհուրդն է հայաստանյան իշխանություններին: Ես կարծում եմ, որ մինչև հրապարակային արձագանքը, հայտարարություն հնչեցնելը, ինչպես դա եղավ Խաչատուրովին հետ կանչելու պարագայում, Ռուսաստանի հետ ներքին քննարկումներ պետք է անցկացնել: Եկել է մի սերունդ, որը «Ֆեյսբուքի» միջոցով է շփվում, բայց Ռուսաստանի համար դա դժվար ընկալելի է»,- նշեց Ս. Գրիգորյանը: Միաժամանակ, քաղաքագետն ասաց, որ Ռուսաստանն էլ պետք է հասկանա, որ Հայաստանում նոր սերնդի իշխանություն է, որը հասկանում է, թե ինչ է ինքնիշխանությունը և քայլեր է նախաձեռնում հենց այդ շրջանակներում: «Հայաստանում եկել են իշխանություններ, որոնք պատրաստ են աշխատել Ռուսաստանի հետ, բայց առանց քծնանքի»,- ասաց Ստեփան Գրիգորյանը: Նա ասաց, որ Յուրի Խաչատուրովին ՌԴ-ում ընկալել ու վերաբերել են որպես «իրենցական»: «Խաչատուրովը ոչ այնքան պաշտպանում էր Հայաստանի շահերը, նույնիսկ այն ժամանակ, երբ ղեկավար պաշտոններ էր զբաղեցնում Հայաստանում, որքան պաշտպանում էր Ռուսաստանի հետաքրքրությունները: Եվ Ռուսաստանը սովոր է սրան»,- ասաց նա: Ինչ վերաբերում է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, ով խոսելով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման մասին, ասել էր, որ Հայաստանում իրադարձությունները հակասում են երկրի նոր ղեկավարության՝ իրենց քաղաքական նախորդներին հետապնդելուց հրաժարվելու մասին հայտարարություններին, Ստեփան Գրիգորյանն ասաց, որ դա անհանգստության արտահայտման ձև էր:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.