Դիմակները պատռվում են. «օրենքի մարդու» իրական դեմքը

Հայաստանում հեղափոխությունից հետո  իսկապես իրավիճակ է փոխվել. շատերի դիմակն այժմ սկսում է պատռվել: Վերջին օրերին հայաստանյան լրատվական դաշտը ցնցած տեղեկություններից մեկն էլ հայ հասարակությանը բնավ ոչ անծանոթ մեկի՝ Ներսիկ Նազարյանի՝ տարիներ շարունակ ծավալած ստվերային գործունեությանը վերաբերող դրվագներից մեկին է առնչվում. «Ժամանակ»-ը տեղեկացրել էր՝ Վրաստանի քաղաքացի, ազգությամբ եզդի Զուրաբ Շամոյանի հետ տարիներ առաջ պատահած դեպքի մասին: Երևան քաղաքի նախկին ոստիկանապետ, ԱԻ նախարարի նախկին տեղակալ Ներսիկ Նազարյանն, օգտվելով սեփական բարձր դիրքից փաստացի խլել էր մարդուն պատկանող բիզնեսը (խոսքը 2003 թվականին Զուրաբ Շամոյանի, Կարեն և Սերգեյ Մարտիրոսյանների կողմից հիմնադրվել է «Մարսերալ» ՍՊԸ-ի մասին է): Օգտվելով Հայաստանում իրավիճակի փոփոխությունից, ինչպես հայտնի է դարձել, Շամոյանն այժմ դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ արդարության վերականգնման հույսով: Իրականում Ներսիկ Նազարյանի ծավալած գործունեության վերաբերյալ մամուլում բավական հաճախ է խոսվել ու խոսվել է վատով. բավական է աչքով անցկացնել վերջին տարիների հրապարակումները, որպեսզի պարզ դառնա, թե իրականում իրեն հատկապես վերջին շրջանում հանրությանը որպես «անմեղ արարած» մատուցող ու  տարիներ ի վեր իբր «արդարության ծարավից պապակված» ոստիկանության գեներալն ինչ բնույթի հակաօրինական օպերացիաներ է իրականցրել ու ինչպես է անհատակ ունեցվածք կուտակել. մինչև ականջների ծայրը կոռուպցիայի մեջ թաթախված նախկին ոստիկանը կամ փրկարարն այսօր, սակայն, հանդգնում է բարոյախրատական առակներով հանդես գալ ու հասարակությանը ներկայանալ որպես կյանքով մեկ արդարության ու օրենքի համար պայքարած մեկը, մեկն, ով բարեխղճորեն իր գործն է արել՝ մոռանալով, սակայն, թե իրականում ինքն ով է եղել և կամ օրինապահ ոստիկանի դիմակի տակ ինչ հափշտակող գայլ է թաքնված եղել: Անկասկած, ազգությամբ եզդի գործարարի կողմից բարձրաձայնված դեպքը միայն մի կաթիլն է այն ապօրինությունների ծովից, որոնց հեղինակը անձամբ Ներսիկ Նազարյանն է՝ անձնական նախաձեռնությամբ: Տեսնես հիմա ի՞նչ կարող է ասել նազարյանն ի պաշտպանություն իրեն: Չէ՞ որ եթե Փաշինյանին դիմած գործարարը կարողանա հասնել  արդարության հաղթանակին, իսկ դրա հնարավորությունն իսկապես կա, ապա կարող է դրական նախադեպի օրինակ դառնալ Նազարյանից «քցված» ու կեղեքված մյուս գործարարների համար նույնպես: Միայն երևակայել կարելի է, թե այդ դեպքում ինչ ճակատագիր կարող է սպասել «օրենքի ծառային»… Կասկած չկա, որ նա կարող է անգամ ճաղերի հետևում հայտնվել՝ սեփական կարիերայի ընթացքում հայ ոստիկանի պատիվը «բարձր պահելու» համար: Մյուս կողմից, իհարկե, հասկանալի է, որ առանց հզոր հովանավորների ո՛չ Ներսիկ Նազարյանը, ո՛չ էլ նրա արժեհամակարգը կիսող դեմքերն երբեք չէին կարող  անել այն, ինչ տարիներ ի վեր ձեռնարկել ու իրականցրել էին՝ դառնալով համակարգային կոռուպցիայի  գործիք, երկիրը ներսից կրծող աղտի վարակակիր՝ համապատասխան «քյարի» դիմաց՝ իհարկե: Մնում է հույս հայտնել, որ հեղափոխությունն  իսկապես ի զորու կլինի արմատախիլ անել այն բոլոր զզվելի ու հակահասարակական երևույթներն ու տարրերին, որոնք տասնամյակներ ի վեր պատճառ են դարձել պետության հետընթացի, կոռուպցիայի ու հովանավորչության համատարած ծաղկման. այսօր նոր իշխանությունների թիվ մեկ խնդիրը պետք է լինի նոր ներսիկնազարյանների ի հայտ գալը  բացառելը, երկրում արդարության մթնոլորտի հաստատումը: Norlur.am
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.