Մոսկվայի վերջնագիրը՝ Փաշինյանին. ի՞նչ է կատարվում

Մոսկվայում կրկին անհանգիստ են. Փաշինյանի՝ Փանիկում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ հնչեցրած արձագանքը, դատելով, ամենայնից, ռուսներին անհանգստացրել է: Հիշեցնենք՝ Փաշինյանը հայտաարել էր բառացիորեն հետևյալը. «Ես ուզում եմ հստակ արձանագրել, որ դա անթույլատրելի միջադեպ է, դա ես համարում եմ սադրանք՝ ընդդեմ հայ-ռուսական հարաբերությունների և ընդդեմ ՀՀ ինքնիշխանության»: Ռուս հայտնի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովն, արձագանքելով Փաշինյանի հայտարարությանն, 168.am-ի հետ զրույցում մասնավորաբար ասել է. «Փաշինյանը կարող էր հանգիստ դրան արձագանքել, նման բարձրագոչ հայտարարություններ չաներ և դա չորակեր՝ որպես սադրանք: Իսկ մենք սադրանք ենք որակում Հայաստանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի զորավարժություններին՝ ընդդեմ Ռուսաստանի: Թող ընկեր Փաշինյանը դնի Հայաստանում ռուսական զինծառայողների ներկայության հարցը, և թող իրեն պաշտպանեն թուրքերը, ադրբեջանցիները և իր արևմտյան գործընկերները»: Իսկ ահա անդրադառնալով ԼՂ խնդրին՝ ռուս վերլուծաբանը հռետորական հարց է բարձրացրել՝ ուղղված ՀՀ նոր իշխանություններին. «Ի՞նչ է անելու Փաշինյանը Ղարաբաղում, սա հարց է, որի պատասխանը նրանից կցանկանայի լսել, ի՞նչ եք Մոսկվայից ուզում լսել»,-միաժամանակ հավելելով՝ Ղարաբաղյան հիմնախնդիրը Հայաստանի խնդիրն է: Տարասովը նաև հայտարարել է, որ խնդիրներ է տեսնում ոչ թե ռուս-հայկական հարաբերություններում, այլ ՀՀ նոր իշխանությունների կոմպետենտության հարցում՝ այդպիսով, ըստ էության, կամա-ակամա բացահայտելով իր վրդովմունքի իրական պատճառները: Պակաս կասկածելի չէ ռուսական lenta.ru-ի՝ հուլիսի 19-ի «Բրյուսելյան ձախողում. Նիկոլ Փաշինյանը որոշել է գնալ Պորոշենկոյի հետքերով» սադրիչ վերնագիրը կրող հոդվածը, ուր հեղինակն իսկական դավադրություն էր տեսել Փաշինյանի բրյուսելյան այցի մեջ՝ Հայստանին մեղադրելով Ռուսաստանի թիկունքում Արևմուտքի հետ ընկերություն անելու փորձերի մեջ: Եվ այսպես, ի՞նչ է կատարվում, ինչո՞ւ է Մոսկվան սկսել «ձվի մեջ մազ փնտրել» ու Հայաստանին անհիմն կերպով մեղադրել հակառուսականության մեջ: Արդյոք սա հեռահար ռազմավարական պլա՞ն է, Փաշինյանի շրջապատն արագորեն զտել տալու փո՞րձ, թե՞, պարզապես, այս ամենով Մոսկվան փորձում է դրական ֆոն ապահովել Ալիևի մոսկովյան այցին ընդառաջ՝ փաստացի սադրելով հայկական կողմին ու ստիպելով Երևանին արդարանալ չգործած մեղքերի մեջ: Իսկ միգուցե Մոսկվայի այս կեցվածքը պարզապես արձագանք է այն բանի, որ Հայաստանը դադարել է «Զիմբաբվե» հանդիսանալ ու փորձում է աշխարհի հետ շփվել բնավ ոչ ռուսական պատուհանի միջոցով: Կամ էլ Մոսկվային անհանգստացնում է Փաշինյանի հայակենտրոն քաղաքականությունը՝ մի բան, որը կարող է կտրուկ հակասության մեջ մտնել Անդրկովկասում ռուսական շահերի հետ: Այս իմաստով բավական ուշագրավ պետք է համարել Փաշինյանի՝ «Եվրառադիոյին» տված հարցազրույցն, ուր ՀՀ վարչապետն իր մտահոգությունն էր հայտնել՝ կապված Բելառուսի կողմից  Ադրբեջանին վաճառած զենքերի հետ: «Բելառուսի հետ լավ հարաբերություններ ունենք, բայց, կարծում եմ, մենք նաև մեծ ներուժ ունենք և պետք է իրացնենք այն: Անշուշտ, մտահոգություններ կան՝ կապված այն հանգամանքի հետ, որ Բելառուսը զենք ու զինտեխնիկա է վաճառում Ադրբեջանին: Դա մեծ խնդիր է մեր հարաբերությունների համար: Ես այդ մասին խոսել եմ նախագահ Լուկաշենկոյի հետ: Գիտեք նաև, որ այդ խնդիրն էլ ավելի է սրվում, քանի որ ՀՀ-ն և Բելառուսը ՀԱՊԿ անդամ են, ռազմաքաղաքական գործընկերներ»,-հարցարզույցում մասնավորաբար ընդգծել էր Փաշինյանը: Ինչ էլ լինի, ակնհայտ է, որ Մոսկվայում սկսել են չվստահել հայաստանյան հեղափոխությանն, ու, ամենայն հավանականությամբ, այստեղ միանգամից մի քանի գործոններ են առկա. Միջազգային հարթակում Հայաստանի սուբյեկտայնության բարձրացումը, ժողովրդավարության հաղթարշավը, Արևմուտքի ուղղությամբ հղվող  դրական ուղերձները, որոնցում, ի դեպ, նույնպես նկատվում է հստակ բնավորություն, սեփական շահերին հետամուտ լինելն ու հայ-ռուսական հարաբերությունները վերաֆորմատավորելու ձգտումները Կրեմլում առաջացրել են մտավախություն, որ Երևանը կարող է հանկարծ դուրս գալ Մոսկվայի գրպանից, դառնալ իսկապես անկախ՝ սահմանափակելով ՌԴ հնարավորություններն ու իրավունքները Հայաստանի նկատմամբ: Ճիշտ է՝ ժանիքներ ցույց տալու համար ՌԴ-ում կարծես թե գտել են «ծանրակշիռ» փաստարկ՝ Փաշինյանի ներքին կադրային քաղաքականությունը (մի շարք ռուս փորձագետներ հայաստանյան կառավարության կազմում ընդգրկված մարդկանց մեծամասնությանը համարում են ռուսատյաց), սակայն ակնհայտ է, որ այստեղ լոկ կադրային քաղաքականության խնդիր չէ, այլ ավելի շատ հարցը գտնվում է աշխարհաքաղաքական հարթությունում ու մեծապես կապված է Արցախի հետ. ռուսական պլանը կարծես ձախողվում է, ու հիմա ռուսները սկսել են փաստացի շանտաժի լեզվով խոսել Փաշինյանի հետ. եթե Հայաստանը ցանկանում է չկործանվել, պետք է  սուվերենության ավելորդ նշաններ չցուցաբերի, հակառակ պարագայում ստիպված կլինի բախվել ալիևյան ռազմուժին, ու Հայաստանը հավիտյանս կկործանվի՝ ահա ռուսական ուլտիմատումի ողջ  էությունը: Ինչ խոսք՝ ավելորդ ինքնավստահություն կլինի, եթե  որևէ մեկը պնդի, որ Հայաստանը մի շարք հարցերում չպետք է հաշվի առնի Մոսկվայի դիրքորոշումն ու, կոպիտ ասած, թքած ունենա, թե ինչ է մտածում Կրեմլը. մենք շատ հարցերում նույն Ռուսաստանից մեծ կախում ունեցող երկիր ենք, ու դժվար էպատկերացնել, թե ինչ ռեալ այլընտրանք կարող է ՌԴ-ին գտնվել մի պարագայում, երբ նույն Արևմուտքը կարծես այնքան էլ չի շտապում  տարածաշրջանում հակակշռել Մոսկվային: Անվիճելի է, սակայն, որ Երևանը պետք է որոշակի սուբարդինացիա պահի ՌԴ հետ հարաբերություններում՝ առնվազը ռուս-թուրքական հարաբերություններում գրպանային մանդրադրամի չվերածվելու համար. մեծ քաղաքականության մեջ՝ ինչպես ջունգլիում… Norlur.am      
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.