ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ՝ ՀԱՐՑԸ ԿՎԻՃԱՐԿԵՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

«Mamul.am» կայքում այսօր տեղեկատվություն էր հրապարակվել, թե Գագիկ Ծառուկյանի աշխատակիցներին պարտադրվել է «Նիվա» մակնիշի ավտոմեքենա գնել՝ աշխատավարձից ամսական պահումների դիմաց, շուկայականից թանկ գնով: Մենք կապվեցինք Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանի հետ եւ հետաքրքրվեցինք, թե ինչպես է կատարվել «ավտոմեքենա աշխատավարձի դիմաց գործարքը»։ Իվետա Տոնոյանն ասաց․ «Այդ հրապարակումը միայն անառողջ երևակայության բորբոքման դրսևորւմ է, ոչ ավելին: Կարող էի միայն այսքանը ասելով սահմանափակվել, սակայն քանի որ այդ կայքի կողմից պարոն Ծառուկյանի անունը արատավորելուն միտված հրապարակումների շարքը շարունակական է և նրանք հետևողականորեն սև քարոզչություն են իրականացնում, ապա պաշտոնապես հայտարարում եմ, որ եթե առաջիկա մեկ օրվա ընթացքում այդ լրատվամիջոցը չհրապարակեց գոնե մեկ մարդու անուն, որին իբրև թե Գագիկ Ծառուկյանի կողմից շուկայականից 60 տոկոս թանկ սակագնով պարտադրվել է գնել մեքենա, ապա mamuul.am-ը հրապարակային պետք է ներողություն խնդրի Գագիկ Ծառուկյանից, կամ այս հարցը մենք վիճարկելու ենք արդեն դատական կարգով: Մամուլի ազատությունը, ամենաթողության ու անպատժելիության հետ շփոթող նմանատիպ անբարեխիղճ սուբեյեկտները մեկընդմիշտ պետք է հասկանան, որ չեն կարող անպատիժ կերպով ցնդաբանություններ դուրս տալ: Գագիկ Ծառուկյանն այս տարիների ընթացքում հազարավոր մեքենաների նվիրատվություն է կատարել: Դա ապացուցման կարիք չունեցող ճշմարտություն է: Իսկ Գագիկ Ծառուկյանի վրա ցեխ շպրտելու նմանատիպ էժանագին փորձերը մշտապես անհաջողության են դատապարտված լինելու, իսկ պատվիրատուներն ու իրականացնողները ստանալու են համարժեք պատասխան»:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.