ՍԻՆԳԱՊՈՒՐՑԻՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՊԵՍ ՀԵՏԱՔՐՔՐԵԼ Է IT ՈԼՈՐՏԸ

Հայաստանը վերջապես կարողացավ իր վրա սեւեռել Սինգապուրի ուշադրությունն ու ներդրումային քաղաքականություն իրականացնելու տեսանկյունից հետաքրքրություն հարուցել: Վերջին մի քանի տարիներին Հայաստանի իշխանություններն անհաջող փորձեր էին կատարում սինգապուրյան հրաշքը հայկականացնելու ուղղությամբ, որոնք, ինչպես հիշում ենք, տապալվեցին, սակայն այն իրականություն դարձնելու ռեալ հնարավորություն կա այժմ: Վերջին օրերին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հրավերով Հայաստանում էր Սինգապուրից ժամանած բավականին ներկայացուցչական մի պատվիրակություն, որի կազմում էին քաղաքական գործիչներ, կուսակցության առաջնորդներ, ֆինանսական ու իրավական ոլորտների փորձագետներ եւ այլք: Այցի նպատակն էր ծանոթանալ նոր Հայաստանին եւ մեր երկրում առկա նոր իրողություններին, որի հիմքի վրա ձեւավորվելու է քաղաքական համագործակցություն ԲՀԿ-ի հետ: Այս դեպքում, սակայն, խոսքը լոկ պրոտոկոլային համագործակցության մասին չէ, այլ բավականին հեռանկարային գործընկերության, որի շրջանակում մյուս կողմը ոչ միայն պատրաստ է կիսվել իր փորձով, ներկայացնելով դեպի սինգապուրյան հրաշք անցած իր ուղին, այլեւ նպաստել Հայաստան շոշափելի ներդրումներ բերելուն, թռիչքային տնտեսական աճ արձանագրելուն: Եթե հաշվի առնենք այն, որ Սինգապուրը տարեցտարի տնտեսական աճի տպավորիչ ցուցանիշներ է արձանագրում եւ մեծացնում իր ներդրումների ծավալն այլ երկրներում, ապա Հայաստանի համար այս այցելությունն իսկապես շոշափելի արդյունքների հեռանկար է ստեղծում: Իսկ հիմքն իսկապես լավն է. Սինգապուրի գործիչների համար Հայաստանը դիտարկվում է որպես յուրօրինակ կամուրջ Ասիայի եւ Եվրոպայի միջեւ: Քաղաքական վերջին փոփոխությունները նրանց տպավորել են, կարեւորում են նաեւ մեր երկրում չօգտագործված մեծ ներուժը, որի ճիշտ ու արդյունավետ կիրառման դեպքում հնարավոր է տնտեսության աճի նշանակալի արդյունքներ արձանագրել: Հայ-սինգապուրյան երեւանյան համաժողովի ժամանակ այդ երկուսի կարեւորությանն անդրադառնալով՝ Գագիկ Ծառուկյանը նշեց, որ Հայաստանը, ինչպեսեւ Սինգապուրը, չունի բնական մեծ ռեսուրսներ, բայց հարուստ է ամենակարեւոր ռեսուրսով` տաղանդավոր մարդկանցով. «Հայաստանում լուրջ եւ խորքային փոփոխություններ են ընթանում, մենք համախմբվել ենք նոր Հայաստանի կայացման ու զարգացման գաղափարի շուրջ, ինչպես ժամանակին Սինգապուրը: Մենք կառուցելու ենք այնպիսի Հայաստան, որտեղ կոռուպցիան ու հակաօրինականությունը տեղ չեն ունենալու, պետությունն ու հասարակությունը գործելու են համատեղ, եւ որտեղ երբեւէ պետությունը չի դառնալու չարիք իր հասարակության համար՝ օտարվելով նրանից»,- հայտարարել է Ծառուկյանը: Նա նաեւ ասել է, որ իր երկիրը, ինչպես ժամանակին նրանց հայրենիքը, հավակնում է ամբողջ աշխարհին ապացուցել, որ անգամ փոքր պետությունն իր նվազ ռեսուրսներով կարող է դառնալ աշխարհի զարգացած երկրներից մեկը` ինքնատիպ քաղաքականության ու ճիշտ կառավարման շնորհիվ: Եվ այդ ճանապարհին առաջին քայլը լինելու է վստահության վերականգնումը: Ներկայումս Հայաստանի եւ Սինգապուրի միջեւ ապրանքաշրջանառությունը կազմում է տարեկան շուրջ 1.2 մլն դոլար, ինչը չի արտացոլում երկու երկրների միջեւ իրական ներուժը։ Սինգապուրից ժամանած պատվիրակները վստահ են, որ հեռավորությունը չի կարող խոչընդոտ հանդիսանալ այդ հարաբերությունները խորացնելու եւ ավելի տպավորիչ վիճակագրություն ապահովելու համար: Նրանք առաջարկում են օրենսդրությունում փոփոխություններ կատարել, որոնք թույլ կտան օտարերկրացիներին ավելի հեշտ մուտք գործել եւ բիզնես ծավալել մի երկրում, որտեղ այս այցի ժամանակ տեսան բիզնեսի դրական օրինակներ` տպավորվելով տարբեր գործարարների, նաեւ Գագիկ Ծառուկյանի վարած ներդրումային քաղաքականությամբ: Սինգապուրցիների համար հատկապես հետաքրքիր է IT ոլորտը, որը թռիչքային աճի բոլոր նախադրյալներն ունի: ԲՀԿ առաջնորդը նույնպես վստահ է, որ պատկերը շատ մոտ ապագայում հնարավոր է փոխել եւ դրական դինամիկա հաղորդել երկկողմ տնտեսական շփումներին` Հայաստանը դարձնելով հրապուրիչ սինգապուրյան ներդրումների համար: Նա մեջբերեց Լի Քուան Յուի հայտնի միտքը, թե «այն մարդկանց, ովքեր ցանկանում են ստեղծել ծաղկող եւ բարգավաճող պետություն, ոչ ոք եւ ոչինչ չի կարող խանգարել»: Ի վերջո, հեղափոխությունից հետո Հայաստանում հայտարարությունների ու խոստումների պակաս չի զգացվում, բայց մարդիկ պետք է իրական գործեր տեսնեն, իրենց մաշկի վրա զգան այդ փոփոխությունների ուժը, այլապես վերջին տասնամյակներին մենք միայն խոսքեր ենք լսել, որ շռայլել են նախորդ իշխանությունները: Իսկ նոր Հայաստանը հենց դրանով պետք է տարբերվի այն Հայաստանից, որը մերժվեց ապրիլին: Եկել է ռեալ գործերով երկիր կառուցելու ժամանակը, եւ սինգապուրցիների այցը, վստահաբար, այդ երկար ճանապարհի սկիզբը կարելի է համարել: Հակոբ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.