Արա Բաբլոյանը Եգիպտոսի դեսպանի հետ հանդիպմանն արժևորել է միջխորհրդարանական համագործակցության ակտիվացումը

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հուլիսի 17-ին ընդունել է Հայաստանում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թարեք Իբրահիմ Մուհամմադ Մաաթիին, ով խորհրդարան էր այցելել դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։ Ողջունելով հյուրին` ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին հայ-եգիպտական հարաբերությունների զարգացմանն ուղղված ջանքերի համար և հաջողություններ մաղթել հետագա աշխատանքում: Արա Բաբլոյանը, ընդգծելով երկու ժողովուրդների միջև բարեկամության պատմական ավանդույթներն ու ընդհանրությունները, կարևորել է արդյունավետ համագործակցության զարգացումը տարբեր ոլորտներում: Երկու պետությունների հարաբերությունների խորացման հարցում օրենսդիր մարմնի ղեկավարն արժևորել է միջխորհրդարանական համագործակցության ակտիվացումը: ԱԺ նախագահն իր երախտագիտությունն է հայտնել Եգիպտոսի Ներկայացուցիչների պալատին Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման ուղղությամբ կատարվող աշխատանքների համար: Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին` խորհրդարանի ղեկավարը բարձր է գնահատել Եգիպտոսի հավասարակշռված դիրքորոշումը Հայաստանի համար կարևորագույն հարցերում: Արա Բաբլոյանը խոսել է նաև Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների մասին: Նա հույս է հայտնել, որ երկկողմ բարեկամական հարաբերությունները շարունակական կլինեն: Թարեք Իբրահիմ Մուհամմադ Մաաթիին, շնորհակալություն հայտնելով ջերմ խոսքերի համար, նշել է, որ մեր երկրից հեռանում է լավ հիշողություններով՝ մշտապես մնալով Հայաստանի բարեկամը: Նա համոզմունք է հայտնել, որ երկկողմ բազմադարյա կապերը կշարունակեն առավել զարգանալ ու ամրապնդվել: Դեսպանի խոսքով՝ հայ-եգիպտական հարաբերություններն առավել սերտացել են Եգիպտոսի հայ համայնքի շնորհիվ, որը մեծ դեր ունի երկրի զարգացման հարցում:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.