«Ընտանիքում բռնության կանխարգելման» խորհրդի կազմում կձևավորվի բռնության ենթարկվածների ֆինանսական աջակցության տրամադրման խումբ. նախարար

Կառավարության կողմից հաստատվել է «Ընտանիքում բռնության կանխարգելման խորհուրդ ստեղծելու, խորհրդի ձևավորման կարգը և գործառույթները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը: Նա գրել է, որ նախագծով կարգավորվում են ընտանիքում բռնության կանխարգելման խորհրդի ձևավորման և գործառույթների իրականացմանն ուղղված հարաբերությունները: Առաջարկվում է Լիազոր մարմնին կից ստեղծել 25 անդամից բաղկացած խորհուրդ, որի կազմում հավասար թվով կընդգրկվեն հանրապետական գործադիր և իրավապահ մարմինների, հասարակական կազմակերպությունների և օրենքով սահմանված հատուկ կառույցների՝ աջակցության կենտրոնների և ապաստարանների ներկայացուցիչներ: «Խորհուրդը կգործի հասարակական հիմունքներով, կազմում կընդգրկվի նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մեկ ներկայացուցիչ: Իր գործունեության շրջանակում Խորհուրդը ընտանիքում բռնության կանխարգելման բնագավառում պետական ռազմավարության, դրանից բխող ծրագրերի, օրենսդրական բարեփոխումների, ընտանիքում բռնության ենթարկված անձանց աջակցության, պաշտպանության, ընտանիքում համերաշխության վերականգնման մեխանիզմների, հանրության իրազեկման միջոցառումների և այլ հարցերի վերաբերյալ առաջարկությունների ներկայացնելու հնարավորություն կունենա: Նախատեսվում է խորհրդի կազմում ձևավորել նաև ընտանիքում բռնության ենթարկված անձանց ֆինանսական աջակցության տրամադրման հարցերով զբաղվող բազմամասնագիտական խումբ, որը կքննարկի և խորհրդի նախագահին կներկայացնի ընտանիքում բռնության ենթարկված անձանց ֆինանսական աջակցության տրամադրման առաջարկներ»,-հավելել է նախարարը: Նրա համոզմամբ՝ խորհուրդը կարող է դառնալ արդյունավետ մեխանիզմ, որը կաջակցի ոլորտում իրականացվող պետական քաղաքականության մշակման և դրա իրականացման գործընթացների համակարգմանը, կապահովի պետական մարմինների և քաղաքացիական հասարակության միջև կապն ու համագործակցությունը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.