fbpx
/// Մոսկվայի ակնարկը՝ Փաշինյանին. Կրեմլում անհանգիստ են

Մոսկվայի ակնարկը՝ Փաշինյանին. Կրեմլում անհանգիստ են

«168 Ժամ»-ի հետ զրույցում ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական Մոդեստ Կորելովն, անդրադառնալով վարչապետ Փաշինյանի և ՀՀ ԱԳ նախարար Զոհրապ Մնացականյանի միառժամանակ առաջ կատարած հայտարարություններին՝ վերաբերող բանակցային գործընթացքում Արցախի միանալ-չմիանալու հարցին, հայտարարել է, թե Հայաստանի ներսում միմյանց հակասող դիրքրոշումներ է տեսնում: «Սկզբից եղավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը կարգավորման գործընթացում ԼՂ ներգրավման անհրաժեշտության մասին, իսկ հետո եղավ ՀՀ ԱԳ նախարար Զոհրապ Մնացականյանի հայտարարությունն առ այն, որ կարգավորումը տեղի է ունենալու հին կանոնների համաձայն: Երբ Հայաստանը դադարի ինքն իրեն հակասել, երբ ՀՀ ԱԳ նախարարը դադարի հերքել իր ղեկավարին` վարչապետին, այդ ժամանակ մենք կմեկնաբանենք նման հարցերը»,-հայտարարել է Կորելովն՝ ավելացնելով՝  նախապատրաստվում է պատերազմ: «Պատերազմի շեմին նման հայտարարությունները, որոնք Մնացականյանն է անում, կարելի է անվանել կապիտուլիացիա, իսկ վարչապետի հայտարարությունները` ադեկվատ»,- ասել է նա:

Թե ինչով կարող է պայմանավորված լինել Կորելովի մտավախությունը, պարզից էլ պարզ է. նրա նմանօրինակ հայտարարությունները պայմանավորված են Փաշինյանի բրյուսելյան այցով, որը շատերն արդեն իսկ հասցրել են գնահատել՝ հաջողված:

Գաղտնիք չէ, որ Ղարաբաղի՝ բանակցային պրոցեսին միանալու գաղափարը հիմնականում աջակցություն էր ստացել Մոսկվայում, այնինչ  Արևմուտքը բավական սառն էր արձագանքել դրան՝ չհաշված, իհարկե, Ադրբեջանի հիստերիան: Այնուհետև Երևանը արտգործնախարարի շուրթերով շտապել էր հետքայլ կատարել ու հայտաարել, որ առայժմ մտադիր են բանակցությունների ֆորմատի փոփոխության հարցում ձեռնպահ մնալ կտրուկ քայլերից: Այն ժամանակ Մոսկվան այս հայտարարությանը բավական ադեկվատ կերպով էր արձագանքել՝ չհակադրվելով Արևմոտքին:

Հիմա, փաստորեն, Կորելովը Հայաստանին հասկացնում է, որ Մոսկվան ոչ միայն պատրստ է աջակցել Փաշինյանի այդ գաղափարին, այլև կարծում է, որ Երևանը, չեզոքացնելու համար պատերազմի վտանգը, պետք է պնդի իր այդ դիրքրոշումը:

Հարց է առաջանում՝ Կորելովն իսկապե՞ս կարծում, է որ ներկա փուլում Արցախի՝ բանակցային պրոցեսին միանալը կարող է դրական անդրադառնալ գործընթացի վրա, թե՞ պատերազմի մասին ակնարկելով՝ Կրեմլն, ի դեմս Կորելովի, փորձում է ևս մեկ անգամ հիշեցնել Երևանին, թե ով է իրականում նրա իսկական ընկերը՝ մի վարքագիծ, որը ոչ այլ ինչ է, քան սպոնտան բնույթ կրող էմոցիոնալ արձագանք՝ Փաշինյանի բրյուսելյան այցին: Մոսկվան ունի հիմնավոր մտավախություններ, որ Փաշինյանի այցը՝ Բրյուսել խթան կարող է դառնալ Արևմուտքի համար՝ հզորացնելու իր ազդեցությունն Անրդկովկասում, վերածվելու խաղաղության երաշխավորի Ռուսաստանի հետ համահավասար սկզբունքով՝ մի բան, որն, ըստ էության, չի կարող խորքային իմաստով ձեռնտու լինել Կրեմլին, քանի որ վերջինս զրկվելու է իր հիմնական մանրադրամներից մեկից (ի դեպ՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը հայտարարել է,որ Ֆրանսիան բծախնդրորեն հարգում է միջազգային դրույթներից բխող իր ստանձնած պարտավորությունները՝ զերծ մնալ և չմատակարարել ոչ զենք, ոչ զինամթերք, որոնք կարող են օգտագործվել պատերազմ սկսելուն՝ այս պարագայում Արցախում):

Մյուս կողմից՝  «մեդալի հակառակ կողմն էլ կա». այժմ առավել քան երբևէ Մոսկվային Անդրկովկասում խաղաղություն է հարկավոր, ինչը նշանակում է, որ հանուն սեփական շահերի Ռուսաստանը կարող է ինչ-որ կերպ համակերպվել Արևմուտքի՝ Անդրկովկասում  մեծացող ազդեցության հետ՝ ընտրելով չարյաց փոքրագույնը, քանի որ ՌԴ-ն շատ լավ հասկանում  է՝ այլևս անցել են այն ժամանակներն, երբ Կրեմլը գրեթե միանձնյա սկզբունքով այստեղ հարցեր էր կարգավորում՝ ստանձնելով միակ խաղաղարարաի դերը: Մյուս կողմից, սակայն, եթե ամեն բան իսկապես այդպես է, ու Մոսկվայում այսպես թե այնպես համակերպվել են Անդկովկասում «իշխանություն կիսելու» մտքի հետ, ապա խնդիր է առաջանում այդ երկիշխանության պայմաններում առաջնային դերակատարի  դերի պահպանման. Կորելովի ակնարկները հենց այդ մասին են՝ հիշեցնելու Երևանին, որ  Մոսկվան իսկապես անփոխարինելի է, ու եթե Երևանը ցանկանում է հաղթած դուրս գալ իրավիճակից, ապա պետք է ապավինի Մոկսվայի աջակցությանն ու առաջ տանի Փաշինյանի գաղափարը, որը, փաստորեն, լիովին բխում է Կրեմլի շահերից:

Ինչպե՞ս կարձագանքի Երևանը Մոսկվայի այս առաջարկին՝ ահա գլխավոր հարցերից մեկը հիմա:

Norlur.am

 

 

 

 

 

 

Գրեք մեկնաբանություն և եղեք ակտիվ
By | 2018-07-16T18:13:26+00:00 Հուլիսի 12 16:49|Մեկնաբանություն|0 Comments
//
//