Նիկոլ Փաշինյանը փաստի առաջ կանգնեցրեց Արևմուտքին

Ինչպես հայտնում է Կառավարության լրատվական ծառայությունը, Բրյուսել կատարած այցի շրջանակներում  վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Կարնեգի Եվրոպա» հետազոտական կենտրոնում մի շարք հանդիպումներ է ունեցել եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաների, փորձագետների հետ: Ելույթ ունենալով հավաքվածների առաջ՝ Փաշինյանն իր խոսքում բավական ուշագրավ շեշտադրումներ է կատարել, որոնք եվրոպացիներին բացահայտել  են հայաստանյան նոր իշխանությունների հիմնահենքային մոտեցումներն այնպիսի կարևոր հարցերի վերաբերյալ, ինչպիսիք են Հայաստանի ներքին զարգացման տեսլականը, արտաքին քաղաքականությունն ու արցախյան հիմնախնդիրը: Պետք է նկատել, որ Փաշինյանի՝ եվրոպացիներին ուղղված խոսքն աչքի է ընկնում բավական ուշագրավ առանձնահատկություններով. Հայաստանը Փաշինյանի կողմից ներկայացվում է նախևառաջ որպես սեփական ճակատագրի տեր հանդիսացող ու անկախ ժողովրդի հայրենիք, պետություն, ուր տեղի ունեցող ժողովրդավարական փոփոխությունները միտված են ոչ թե սրան-նրան հաճոյանալուն, այլ՝ բացառապես երկիրը ներսից ամրապնդելուն, որի նպատակը մեկն է՝ Հայաստանը դարձնել հնարավորինս լիարժեք գործոն միջազգային հարաբերություններում՝ մեծացնելով դրա սուբյեկտայնությունն ու անկախությունն արտաքին ուժերից՝ լինի Արևմուտք, թե՝ Հյուսիս: «Տեղի ունեցած հեղափոխության մեջ գոյություն չունի աշխարհաքաղաքական համատեքստ, և նոր կառավարությունը չի ծրագրում որևէ արտաքին քաղաքականության առանցքային փոփոխություններ կամ կտրուկ շրջադարձեր»,-ասվում է Փաշինյանի խոսքում, խոսք, որն, ըստ էության, ավելի շատ ազգային շահի գիտակցման արդյունք պետք է համարել, քան ՌԴ-ին եվրոպական ամբիոնից տրված հավատարմության երդում: Ինչ վերաբերում է Արևմուտքի հետ համագործակցությանն, ապա Փաշինյանն այն չափազանց կարևորել էր՝ ընդգծելով, մասնավորապես, ՀՀ-ԵՄ համաձայնագրի կաևորությունը Հայաստանի համար: Փաշինյանը նաև խոսել էր Հայաստանի ունեցած բացառիկ դերի մասին՝ այն ներկայացնելով որպես աշխարհի տարբեր բևեռները միմյանց կապող յուրատեսակ օղակ, որ պատրաստ է դառնալ ԵԱՏՄ-ի ու ԵՄ-ի միջև այդ թվում և առևտրային շփումների կարևոր հարթակ: Ինչ վերաբերում է արցախյան հակամարտությանն, ապա այստեղ Փաշինյանի ուղերձն՝ Արևմուտքին մեկն է. Հայաստանն այլևս քաղաքակիրթ, ժողովրդավարական աշխարհի անքակտելի մասն է, ինչը նշանակում է, որ ցանկացած ոտնձգություն՝ ընդդեմ Հայաստանի, ոտնձգություն է դառնալու արևմտյան արժեքների, ասել է թե՝ արևմտյան շահերի դեմ: «Արցախի ժողովրդի ինքնորոշումն այլընտրանք չունի: Հակամարտության կարգավորումը պետք է հիմնված լինի բոլոր կողմերի փոխզիջման վրա: Ինչպես ցանկացած այլ ժողովրդավար երկիր՝ Հայաստանը հանձնառու է ԼՂ հակամարտությունը կարգավորել բացառապես խաղաղ ճանապարհով: Այս հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու ցանկացած փորձ հարձակում է ժողովրդավարության, մարդու իրավունքների և խաղաղության վրա»,-ասել է Նիկոլ Փաշինյանն ու այդպիսով, ըստ էության, ակնհայտորեն փորձել կապիտալիզացնել Հայաստանում տեղի ուենցած ժողովրդավարական գործընթացները նախևառաջ այսպես ասած արցախյան ճակատում՝ շատ իմաստներով Արևմուտքին կանգնեցնելով փաստի առաջ, մեծացնելով տարածաշրջանային անվտանգության ու կայունության պահպանման հարցում Արևմուտքի պատասխանատվությունը՝ մի բան, որն, անկասկած մի կողմից դրական կարող է համարվել եվրոպացիների համար, մյուս կողմից, սակայն,  պատասխանատվության հավելյալ բեռ դառնալ նրանց ուսերին: Այսինքն՝ Փաշինյանը նոր ու շատ ավելի բարդ իրավիճակում է դնում Արևմուտքին՝ նրա պատասխանատվությունը հավասարեցնելով Ռուսաստանի ունեցած պատասխանատվության չափին, ինչն, անկասկած, արդարացի է ու արտահայտում է միջազգային հարաբերություններում առկա իրերի իրական էությունը: Ճիշտ է՝ դեռևս վաղ է խոսել Փաշինյանի՝ Բրյուսել կատարած այցի վերջնարդյունքների կամ Երևանի արձանագրած նվաճումների մասին, սակայն արդեն իսկ ակնհայտ է, որ Հայաստանն աշխարհին ներկայանում է այլևս ոչ թե որպես ինչ-որ մոխրագույն կոռումպացված մի երկիր, որի իշխանությունները պետական շահերը ստորադասում են սեփական նեղանձնային շահագրգռվածություններին՝ քծնելով սրան-նրան, այլ որպես մի պետություն, որը թեպետ դեռևս մարտահրավերներ ունի լուծելու, սակայն վճռակամ է՝ անելու ամեն ինչ՝ միջազգային հարթակում իր ձայնը լսելի դարձնելու, միջազգային գործընկերների մոտ կշիռ ու հարգանք ձեռք բերելու համար. ժողովրդավարությունը Հայաստանի ազգային հարստությունն է, որը զերծ է ոևիցե երանգից ու որևիցե արտաքին ազդեցությունից, կարևոր ռեսուրս՝ընդդեմ թշնամիների: Norlur.am                      
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.