Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է պապական նվիրակին

Հուլիսի 11-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է պապական նվիրակ և Աեոմոնայի տիտղոսակիր արքեպիսկոպոս Խոսե Ավելինո Բետտանկուռին: Ինչպես տեղեկացնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից, Վեհափառ Հայրապետը, ողջունելով պապական նվիրակին, շնորհավորել է վերջինիս նշանակման առիթով և մաղթել արդյունավոր գործունեություն: Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուրախությամբ արձանագրել է, որ իր գահակալության շրջանին Հայոց Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու միջև հարաբերություններն առավել ջերմացել են ու զորացել: Այս կապակցությամբ Նորին Սրբությունը գոհունակությամբ անդրադարձել է Հռոմի Հովհաննես-Պողոս Բ և Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետերի այցելություններին Հայաստան, որոնք վկայում են քրիստոնեությունն իբրև պետական կրոն առաջինն ընդունած ժողովրդի հանդեպ ջերմ սիրո մասին: Գարեգին Բ Կաթողիկոսը հույս է հայտնել, որ նորանշանակ պապական նվիրակը ևս աշխույժ ջանքեր կգործադրի երկու Եկեղեցիների բարեկամական կապերն առավել ամրապնդելու ուղղությամբ: Իր հերթին Խոսե արքեպիսկոպոս Ավելինո Բետտանկուռը խորին շնորհակալություն է հայտնել Ամենայն Հայոց Կաթողիկոսին ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ առավելագույն չափով ամեն ջանք ու ճիգ կներդնի երկու Աթոռներին օգտակար ծառայություն բերելու համար: Պապական նվիրակը նաև Սրբազան Քահանայապետի սերն ու զորակցությունն է փոխանցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ու նրա գահակալին: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել արդի մարտահրավերներին և դրանց հաղթահարմանն ուղղված ուղիներին: Վերջում Վեհափառ Հայրապետն իր օրհնությունն է բերել պապական նվիրակին՝ մաղթելով Աստծո օգնականությունն իր սրբազան առաքելության մեջ: Հանդիպմանը ներկա են եղել Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի պատասխանատու Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.