Արցախի ԱԺ փոխնախագահն ընդունել է սփյուռքահայ մի խումբ երիտասարդների

Հուլիսի 10-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը ընդունել է «Համազգային» հայ կրթական և մշակութային միության հովանու ներքո Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում գործող «Արշակ և Սոֆի Գոլստըն» ճեմարանի սաներին և մանկավարժներին՝ տնօրեն Էդուարդ Դեմիրճյանի գլխավորությամբ: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից: Ողջունելով երիտասարդներին՝ Վահրամ Բալայանը ներկայացրել է Արցախի պատմությունը, անդրադարձել հայկական մշակույթին և հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարին: «Երբ մայր Հայաստանում պետականությունը կորցրել ենք, Արցախում շարունակաբար այդ պետականությունը գոյություն է ունեցել, և կարծում եմ, հենց դա է հնարավորություն տվել որպեսզի տարածաշրջանում հայությունը ապրի, պահի իր արժանապատվությունը, ինքնությունը և միաժամանակ ստեղծի համաշխարհային արժեքներին համահունչ մշակութային և քաղաքակրթական արժեքներ», - նշել է ԱԺ նախագահի տեղակալը: Վահրամ Բալայանը նաև անդրադարձել է Ազգային ժողովի գործունեությանը, կառուցվածքին, խմբակցությունների ներկայացվածությանը, արտաքին կապերին և բարեկամական խմբերին՝ կարևորելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հետ խորհրդարանական մակարդակով համագործակցությունը: Ամփոփելով հանդիպումը՝ ԱԺ փոխնախագահը հույս է հայտել, որ նմանօրինակ այցերն ու հանդիպումները շարունակական կլինեն և առաջարկել երիտասարդներին առավել հաճախ այցելել Արցախ՝ այդպիսով նպաստելով հայրենաճանաչությանը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.