fbpx
/// Ծառուկյանի տպավորիչ ժեստը՝ Գարեգին Երկրորդին

Ծառուկյանի տպավորիչ ժեստը՝ Գարեգին Երկրորդին

Հայ եկեղեցու շուրջ ստեղծված տհաճ ու, խոշոր հաշվով, նոնսենսային իրավիճակը, որի արդյունքում հարվածի տակ է հայտնվել ոչ միայն ինքը՝ Վեհափառն, այլև հայ եկեղեցին՝ առհասարակ, ու որի ձգձգվելու պարագայում  հետևանքները կարող են իսկապես աղետալի լինել ողջ հայ ժողովրդի համար, վերջնական լուծման կարիք է զգում այլևս. եկեղեցին այժմ առավել քան երբևէ զգում է իր հավատավոր զավակների աջակցության կարիքը՝  թե՛ ուղղակի ու թե՛ անուղղակի կերպով: Նման կարիք է զգացվում  նաև պետության կամ դրանում առավել երևելի դիրք զբաղեցնողների կողմից, ու չնայած սահմանդրորեն եկեղեցին անջատված է պետությունից, սակայն անվիճելի է, որ այդ դրույթն այս պարագայում չի կարող  կաշկանդող գործոն հանդիսանալ՝ ամեն գնով կանխելու անցանկալի զարգացումներն այնպիսի բացառիկ կառույցի շուրջ, ինչպիսին Հայաստանյան Առաքելական Սուրբ Եկեղեցին է:

Հայտնի է դարձել, որ Կոտայքի մարզում գտնվող Մաքրավանք եկեղեցին շուտով հիմնորոգվելու է. բարերը ՀԱՕԿ նախագահ, «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ  Գագիկ Ծառուկյանն է: Հրազդան կատարած այցի ժամանակ Կոտայքի թեմի առաջնորդը դիմել էր Ծառուկյանին՝ եկեղեցին հիմնանորոգելու խնդրանքով, որը, փաստորեն, չի մերժվել:

Ճիշտ է՝ Ծառուկյանն իր երկարամյա բարեգործական գործունեության ընթացքում բազմաթիվ եկեղեցիներ է կառուցել ու վերանորոգել, սակայն անվիճելի է, որ Մաքրաավանքի  պարագան առանձնահատուկ է հատկապես եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի ֆոնին. կասկած չկա, որ  Ծառուկյանն իր այս քայլով շոշափելի աջակցություն  է հայտնում կաթողիկոսին՝ համապատասխաններին հասկացնելով, որ հայաստանյան քաղաքական դաշտի ամենաազդեցիկ խաղացողներից մեկի անվերապահ համակրանքը Վեհափառի կողմն է, ու  ոչ ոք չի պատրաստվում ջուր լցնել մի խումբ խռովարարների ջրաղացին:

Ի դեպ՝ պետք է որոշակի սինխրոնություն արձանագրել Փաշինյանի ու Ծառուկյանի գործողությունների միջև. վարչապետը հուլիսի 8-ին  Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ ներկա է գտնվել Հայ Առաքելական Եկեղեցու համաշխարհային երիտասարդաց միության հավաքի ավարտական միջոցառմանը, որին մասնակցել են աշխարհի ավելի քան 20 պետության 400 սփյուռքահայ երիտասարդներ՝ քայլ, որ նույնպես համապատասխան ենթատեքստ է իր մեջ պարունակում ու, ըստ էության, կոչված է՝ ի ցույց դնելու նոր իշխանությունների՝ եկեղեցուն աջակցման փաստը, ունեցած լոյալ վերաբերմունքը բացառիկ այս կառույցի ու նրա առաջնորդի նկատմամբ: Հիմա  էլ, փաստորեն Ծառուկյանն է իր համապատասխան ժեստով անուղղակիորեն աջակցություն հայտնում Վեհափառին՝ թե՛ որպես հայ եկեղեցու հավատավոր զավակ, թե՛ նաև որպես մի հզոր քաղաքական ուժի ղեկավար, որի թիկուքին հարյուր հազարավոր քաղաքացիներ են կագնած`հզորացնելով ու է՛լ ավելի ընդլայնելով եկեղեցուն ցուցաբերվող աջակցությունը:

Մնում է միայն հույս հայտնել, որ եկեղեցու շուրջ ստեղծված այս տհաճ իրավիճակը հնարավորինս արագորեն կգտնի իր բանական հանգուցալուծումն, ու  իսկապես հնարավոր կլինի խուսափել քաոսի առաջացումից:

Norlur.am

 

 

 

Գրեք մեկնաբանություն և եղեք ակտիվ
By | 2018-07-09T17:39:12+00:00 Հուլիսի 9 17:38|Մեկնաբանություն|0 Comments
//
//