Աշոտ Նիկոլի Փաշինյանը չմասնակցեց վիճակահանությանը, նա, իր դիմումի համաձայն, ծառայության կանցնի ՊԲ՝ ամենադժվար պայմաններ ունեցող զորամասերից մեկում

Նորակոչիկների հետ ճաշից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը և պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը շրջեցին Կենտրոնական հավաքակայանում, եղան վերջնական բուժզննման կետում, «Ես եմ» ծրագրով զորակոչիկների ընտրման հանձնաժողովում և այլն: Քիչ հետո կմեկնարկի վիճակահանությունը, թե որ զորակոչիկն իր ծառայությունը որ զորամասում է անցկացնելու: Վիճակահանության գործընթացի պատասխանատուն հայտարարեց, որ այսօրվա զորակոչից 4 նորակոչիկ չի մասնակցի վիճակահանությանը: Նրանից մեկը ցանկություն է հայտնել եղբոր մոտ ծառայություն իրականացնել: Երկու նորակոչիկները քննություն են հանձնել և միանգամից նշանակվում են ՊՆ կիբերանվտանգության բաժնում որպես C կարգի որակավորում ունեցող մասնագետներ: Բացի այդ, վիճակահանությանը չի մասնակցի նաև Աշոտ Նիկոլի Փաշինյանը, ով, իր դիմումի համաձայն, կուղարկվի ծառայության Պաշտպանության բանակի ամենադժվար պայմաններ ունեցող զորամասերից մեկում: Նորակոչիկների վիճակահանությանը մի քիչ հետևելուց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռացավ: «Առայժմ տղերք, դուխո´վ»,-ասաց նա և պաշտպանության նախարարի հետ դուրս եկավ վիճակահանության սենյակից: Մի պահ մտավ նաև այն սենյակ, որտեղ ծնողները էկրաններից հետևում են իրենց որդիների վիճակահանության ընթացքին: Վարչապետը և կինը՝ Աննա Հակոբյանը, որդուն բանակ ճանապարհելուց առաջ առանձնացան, կարճատև զրույց ունեցան: Այնուհետև Նիկոլ Փաշինյանը որդու հետ ողջագուրվեց, ապա նրան մայրիկի հետ թողնելով, հեռացավ:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.