Առաջարկվում է՝ կանանց մասնակցությունն ԱԺ-ում լինի 40 տոկոս. քննարկում ԸՕ բարեփոխումների շուրջ

Վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովում այսօր ընտրական օրենսգրքի բարեփոխման հայեցակարգերի և օրենսդրական նախագծերի վերաբերյալ քննարկում է տեղի ունենում կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ներկայացուցիչների հետ: Հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը նախ նշեց՝ գործող կարգավորման համաձայն համամասնական ցուցակի ամեն չորրորդը պետք է լինի կին, սակայն ռեյտինգային ցուցակի արդյունքում ներկայումս խորհրդարանում 18 տոկոս կին ունենք: Նա նշեց, որ Եվրոպայի խորհուրդը հորդորել է ապահովել կանանց 40 տոկոս մասնակցություն: Դանիել Իոաննիսյանն ասաց, որ աշխարհի տարբեր երկրների փորձի ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ ոչ բոլոր երկրները քվոտա ունեն և ամենաժողովրդավար հարյուր երկրների ցանկում, որտեղ միայն համամասնական ցուցակներ են գործում, քվոտայի միջին ցուցանիշը 32 տոկոսն է: «Մեզ մոտ կանանց մասնակցության քվոտան այնպիսին պետք է լինի, որ հասարակությունը տեսնի՝ կանայք քաղաքականութամբ զբաղվոմ են, և դա նորմալ է, լավ է, բայց չեմ կարծում, որ պետք է լինի շատ բարձր, ինչը չափազանց արհեստական կդիտվի: Եթե մենք քվոտան շատ բարձր սահմանենք, կա մտավախություն, որ կանանց միջև մրցակցությունը ցածր մակարդակի կիջնի կուսակցության ներսում, և խորհրդարան անցած կանանց որակը, որպես քաղաքական գործիչների, ցածր կլինի»,-ասաց նա և նշեց, որ պետք է գտնել ոսկե միջինը: «ՊրոՄեդիա-Գենդեր» ՀԿ նախագահ, «Womennet.am» կայքի «Կինը և քաղաքականությունը» հավելվածի գլխավոր խմբագիր Թամարա Հովնաթանյանը նշեց, որ նախկինում կանանց կազմակերությունների դիրքորոշումը 30:70 համամասնութան օգտին էր, սակայն քաղաքական կուսակցությունները բացատրեցին, որ չեն կարող ապահովել իրենց ցուցակներում 30 տոկոս կանանց ներկայացվածություն: Նա ասաց, որ ավելի ուշ պարզ դարձավ ռեյտինգային ցուցակների լինելը, ինչն ավելի խանգարեց կանանց ներկայացվածությունը: «Իրավիճակը փոխվել է, ՀԿ-ների ակնկալիքները մեծացել են: Կանանց ներկայացվածությունը խորհրդարանում ապահովելը սկզբունքային հարց է, և համարում ենք, որ կանանց ներկայացվածության ընդլայնման հարցը պետք է բարեփոխումների առանցքային հարցերից մեկը լինի»,-ասաց նա և նշեց, որ իրենք առաջարկում են 40/60 համամասնություն: «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» համակարգող, իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը հույս հայտնեց, որ ներկայիս կառավարությունը քաղաքակաան կամք կունենա՝ կատարելու օրենսդրական պահանջները կանանց մասնակցության. առավելևս հեղափոխության ընթացքում կանայք մեծ մասնակցություն են ունեցել: Նա փոխանցեց իրենց առաջարկների փաթեթը, որտեղ առաջարկներից մեկը վերաբերում էր 50/50 համամասնությանը: Դանիել Իոաննիսյանը հայտնեց, որ իր կարծիքով՝ Ընտրական օրենսգրքի նախագիծը սեպտեմբերին կարող է գնալ խորհրդարան:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.