Կառավարության նիստում կսահմանվի վարչապետի աշխատակազմի տեղակայման վայրը. ըստ խոսնակի՝ արարողակարգեր կլինեն և՛ Բաղրամյան 26-ում, և՛ կառավարության շենքում

Կառավարության հունիսի 28-ի նիստի օրակարգում ընդգրկված է վարչապետի աշխատակազմի տեղակայման վայրը սահմանելու մասին որոշման նախագիծ: Այն ներկայացվել է Արդարադատության նախարարության կողմից: Նախագծի համաձայն` վարչապետի աշխատակազմի տեղակայման վայր է սահմանվել Մարշալ Բաղրամյանի պողոտա 26-ը և Հանրապետության հրապարակի Կառավարական տուն 1-ը: Նախագծով հիմնավորվում է նաև իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը: «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7.5-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է, որ վարչապետի աշխատակազմի տեղակայման վայրը որոշում է Կառավարությունը: Հաշվի առնելով վերոշարադրյալը` անհրաժեշտություն է առաջացել մշակելու «Վարչապետի աշխատակազմի տեղակայման վայրը սահմանելու մասին Կառավարության որոշման նախագիծը, որում հստակ շարադրվել են տեղակայման վայրերը: Նախագիծը մշակելիս ուսումնասիրվել և հաշվի է առնվել «Վարչապետի աշխատակազմի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» Վարչապետի որոշումը, որի 7-րդ կետում նշված է, որ աշխատակազմի գտնվելու վայրն է Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Մարշալ Բաղրամյան պողոտա 26 և Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1»,-նշված է հիմնավորման մեջ: «Հայկական ժամանակը» նախագծի վերաբերյալ գրել էր, որ իր տեղեկություններով՝ առաջիկայում հայտարարվելու է, որ վարչապետի միակ նստավայրը լինելու է հրապարակում գտնվող կառավարության շենքում, իսկ Բաղրամյան 26-ն օգտագործվելու է հիմնականում պաշտոնական արարողությունների ժամանակ, մեծամասամբ օտարերկրյա պատվիրակության: Tert.am-ի հետ զրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Արման Եղոյանն ասաց, որ նման քննարկումներ չեն ընթանում, և նախագծով դա չի ենթադրվում: «Երկուսն էլ հանդիսանում են վարչապետի նստավայրեր, վարչապետի կողմից այդ շենքերում աշխատելու հաճախականությունը և ռեժիմը կորոշվի ` ըստ անհրաժեշտության: Վերջին շաբաթների ընթացքում վարչապետն ավելի շատ գտնվում է Հրապարակում տեղակայված կառավարության շենքում, բայց դա կարող է փոխվել նաև այլ հանգամանքների բերումուվ` կապված վարչապետի օրակարգից, հանդիպումների խտությունից»: Արման Եղոյանն ընդգծեց, որ արարողակարգային միջոցառումներ, աշխատանքային հանդիպումներ 2 հասցեներում էլ տեղի են ունենում:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.