ՀՀ ամբողջ տարածքը՝ 100 տոկոսով, ենթակա է ուժեղ երկրաշարժերի. ԱԻ փոխնախարար

Հայաստանը գտնվում է բնական վտանգների բարձր ռիսկային գոտում և ենթակա է վերջիններիս ազդեցությանը: Այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնած «Աղետների դիմակայունության ամրապնդումը և զարգացումը» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ նման տեսակետ հայտնեց ԱԻ փոխնախարար Արա Նազարյանը: Նա նշեց, որ Համաշխարհային բանկը ՀՀ-ն դասում է աշխարհի 60 ամենաաղետավտանգ երկրների շարքում: «Աշխարհում հայտնի բնական վտանգներից ՀՀ-ին բնորոշ են շուրջ 110-ը, ինչը բացատրվում է նրանով, որ ՀՀ-ն բարձր ռելիեֆ ունեցող երկիր է՝ կտրուկ լեռնաշղթաներով, դաշտավայրերով՝ մասնատված բարձրության մեծ տատանումներով, իսկ բարձրությունների տատանումները մոտ 3500 մետր է: ՀՀ-ն գտնվում է աշխարհի առավել բարձր սեյսմիկ ակտիվության գոտիներից մեկում»,- ասաց նա: Արա Նազարյանը հայտարարեց, որ ՀՀ ամբողջ տարածքը՝ 100 տոկոսով, ենթակա է ուժեղ երկրաշարժերի, երկրի 4.1 տոկոսը ենթակա է սողանցքների, 30 տոկոսը՝ սելաֆների և հեղեղումների, 0.5 տոկոսը՝ փլուզումների, քարաթափումների, 12 տոկոսը՝ ցրտահարությունների, 15 տոկոսը՝ երաշտի և 17 տոկոսը կարկտահարման: Նրա խոսքով՝ թեև ՀՀ-ն հանդիսանում է սակավանտառ երկիր, միևնույն է, մեր տարածքին հատուկ են նաև անտառային հրդեհները, սրան գումարված նաև պոչամբարների ու տեղածին աղետների հետ կապված խնդիրները: «Բոլորս գիտակցում ենք, որ աղետների, ռիսկերի նվազեցման գործընթացը չի կարող հանդիսանալ որևէ կառույցի մենաշնորհը, քանի որ այն պահանջում է համապարփակ մոտեցում, երկրի բոլոր կառույցների ռեսուսրների մոբիլիզացում՝ քաղաքական, տեխնիկական, գիտական և այլն»,- եզրափակեց Արա Նազարյանը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.