Այս պահին թիվ 1-ը, որ բոլորիս համար քննարկման ենթակա է, ռեյտինգային ընտրակարգն է. Ս. Բագրատյան

Ընտրական օրենսգրքի շուրջ նախատեսված բոլոր առաջարկությունները, որոնք խմբակցությունները ժամանակի ընթացքում առաջ են քաշել, պետք է վերլուծվեն, քննարկվեն, առաջարկությունները ներկայացվեն, կառավարության ներկայացուցիչը պետք է մասնակցի քննարկումներին: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը: Նրա կարծիքով՝ իրենց խմբակցության բոլոր առաջարկները կներկայացնեն, կքննարկեն ու նոր կգան կոնսենսուսի: «Այն փոփոխությունները, որոնք ընդունելի կլինեն բոլոր խմբակցությունների համար, դրանց շուրջ կծավալվեն քննարկումները։ Այս պահին, իհարկե, թիվ մեկը, որ բոլորիս համար քննարկման ենթակա է, ռեյտինգային ընտրակարգն է»,- ասաց Բագրատյանը: Պատգամավորը հայտարարեց, որ իրենց քաղաքական ուժը կողմնակից է 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին. «Խոսքը չպետք է գնա համասնականից մեծամասնական կամ ընդհակառակը ընտրակարգերի փոփոխության մասին, այլ պետք է գնա, որ համամասնականը միայն կուսակցությունների քվեարկության ռեժիմով անցնի, չլինեն մեծամասնական թեկնածուներ»,- նշեց նա: Միևնույն ժամանակ Բագրատյանը նկատեց, որ ռեյտինգային ընտրակարգն էլ է համարվում համամասնական մի տարբեարկ: Ավելին՝ նա չբացառեց, որ կքննարկվի նաև հանրապետության տարածքը 1 ընտրատարածք դիտարկելու տաբերակը: Ըստ նրա՝ քննարկման մեջ առաջնային խնդիր են նաև կրկնաքվեարկությունները բացառելու տարբերակները: «Կարող է՝ կիրառվի սփռեյ մեթոդը, այսինքն`ընտրողը թանաքոտի մատները, դրա շնորհիվ 12 ժամ չի ջնջվի մատնահետքը և տվյալ անձը, երկրորդ անգամ չի կարող քվեարկել: Սա նույնպես քննարկման առարկա է, ինչպես գիտեք՝ նաև ակտիվ և պասիվ ընտրական ցուցակների խնդիր ենք դրել, որը քննարկման առարկա է: Հանրապետությունում առկա փաստացի ընտրողների քանակը պետք է ֆիքսվի ակտիվ ցուցակներում: Պասիվ ցուցակում պետք է լինեն այն ընտրողները, ովքեր այս պահին չեն գտնվում հանրապետությունում: Եթե տվյալ մարդիկ հանրապետություն կտեղափոխվեն ընտրությանը մասնակցելու նպատակով, դա կարձանագրվի սահմանային անցակետերում, այդ կերպ հնարավոր կլինի հստակ բացառել այդ մարդկանց փոխարեն քվեարկելու պրակտիկան»,- մանրամասնեց պատգամավորը: Ինչ վերաբերում է ՀՀ ԶՈւ քվեարկությանը, որոնք միշտ համարվել են իշխանության քվեն, Բագրատյանն ասաց, որ այս ոլորտի հետ կապված էլ քննարկումներ կան: Նրա խոսքով՝ առաջարկներից մեկը նախատեսում է, որ հրամանատարները չկարողանան մոտենալ քվեախցիկներին 50 կամ 100 մետրից ավելի, որպեսզի զինվորներն առանց հրամանատարի ուղեցկությամբ մասնակցեն քվեարկությանը: «Պետք է գտնել հնարավորություն, որպեսզի նախ չոտնահարվի զինվորի իրավունքը և երկրորդը՝ թույլ չտալ նախկինի պես հրամանով քվեարկություններ իրականացնել»,- շարունակեց նա: Հարցին`զինվորի քվեարկությանը չմասնակցելու հարցը չի դրվում, Բագրատյանն ասաց, որ դա մարդու իրավունքի ոտնահարման խնդիր կառաջացնի. «Մենք պետք է փորձենք գտնել լավագույն լուծումը: Քննարկման արդյունքում մյուս երկրների փորձն էլ կուսումնասիրենք, դա մեծ խնդիր է, ժամանակին դա ընտրակեղծիքների մեծ մասն է կազմել»,- ընդգծեց Բագրատյանը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.