ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել անմիջապես դադարեցնել Սիրիայի հարավ-արևմուտքում ռազմական էսկալացիան

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կոչ է արել բոլոր կողմերին անմիջապես դադարեցնել ռազմական էսկալացիան Սիրիայի հարավ-արևմուտքում: Այդ մասին ասված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի հայտարարությունում, հայտնում է ТАСС-ը: «Նա կոչ է անում անմիջապես դադարեցնել ռազմական էսկալացիան և խնդրում է բոլոր շահագրգիռ կողմերին հետևել իրենց պարտավորություններին՝ միջազգային իրավունքի և միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն, այդ թվում՝ խաղաղ բնակիչների և քաղաքացիական ենթակառուցվածքների պաշտպանությանը»,- ասված է հաղորդագրությունում: Գուտերեշն ընդգծել է իր մտահոգությունը վերջերս Սիրիայում իրավիճակի սրման կապակցությամբ: Հայտարարությունում նշվում է, որ ցամաքային գրոհները և օդային ռմբակոծությունները հանգեցրել են նրան, որ հազարավոր խաղաղ բնակիչներ ստիպված հեռացել են իրենց տներից և ուղղվել Հորդանանի հետ սահման: Հունիսի 1-ին հաղորդվել է, որ սիրիական կառավարական զորքերը գրոհի են անցել Սիրիայի հարավ-արևմուտքում, որտեղ ապստամբներ են տեղակայված: Մարդու իրավունքների հարցերով սիրիական կենտրոնը հայտնել է, որ դրա հետևանքով մոտ 12,5 հազար խաղաղ բնակիչ հեռացել է տարածաշրջանից երկու օրվա ընթացքում: Ավելի վաղ հայտնի է դարձել, որ «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորման ջոկատներից մեկը և ԱՄՆ-ի գլխավորած միջազգային հակաահաբեկչական կոալիցիայից խորհրդականները հունիսի 21-ին հարձակման են ենթարկվել անհայտ զինված խմբերի կողմից Սիրիայի հարավ-արևելքում անվտանգության գոտու տարածքում: Կոալիցիայի խորհրդականները և նրանց դաշնակիցները պատասխան կրակ են բացել, ինչից հետո անհայտ ուժերը դադարեցրել են հարձակումը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.