Ինչո՞ւ են պայքարում ամերիկյան հանքարդյունաբերողի դեմ

Սփյուռքահայ Հարութ Բրոնոզյանի պատվերով աշխատող փորձագետների երեկ  Ամուլսար կատարած այցի վերաբերյալ մամուլի հաղորդագրություն է տարածել <Լիդիան Արմենիա> ընկերությունը։ Իհարկե, զարմանալի է, որ այդ ընկերությունը ընդհանրապես համաձայնել է հյուրընկալել այն փորձագետներին, ովքեր արդեն մեկ տարի եզրահանգումներ ու գնահատկաններ են տարածում այդ հանքի վերաբերյալ, առանց երբևէ հանքավայր այցելելու, ու նույնիսկ երբևէ Հայաստան էլ չայցելած։ Նրանք պնդում էին, որ Լիդիանի բնապահպանական միջոցառումները թերի են, ու, չնայած ոչ մի զեկույցում չենք հանդիպել եզրակացության, թե թթվային դրենաժը անհնար է կառավարել Ամուլսարում, հայ բնապահպանները և Սյունյաց օլիգարխների «խոսնակները» շահարկում էին փորձագետների ասածը՝ նենգափոխելով, թե այդ սարում ընդհանրապես անվտանգ հանք չի կարող կառավարվել։ Պարզվեց՝ այդքան էլ այդպես չէ, իրենց աչքով աշխատանքը տեսնելուց հետո, նրանցից մեկն անգամ նշել է, թե սա նոր նշաձող է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում։ Թերևս զրկվելով միջազգային փորձագետների այս զենքից, այսօր հուսահատ օլիգարխներից մեկը նորից երիտասարդներին հավաքել է  սարի մոտ ու փակել հանքավայր տանող ճանապարհները՝ խոչընդոտելով 1000-ից ավելի աշխատակիցների այսօրվա աշխատանքի գնալն և իրենց ընտանիքը պահելու հնարավորությունը։ Ի՞նչն է այդքան անհանգստացնում օլիգարխներին։ Դժվարանում ենք հավատալ, որ նրանք դարդ են անում բնապահպանության համար, ինչպե՞ս կարող է բնապահպանության մասին մտահոգվել մեկ այլ հանքում տարիներ շարունակ աշխատած և դրա հաշվին մեծահարուստ դարձած մարդը կամ նրա ընտնաիքի անդամները։ Կամ, ասենք, Ջերմուկում, արդյոք բնապահպանական մտահոգություններն են ստիպում Արսենյանին ու նրա բարեկամներին լծվել ամբողջ հոգով այս պայքարին։ Ոչ, թույլ տվեք ենթադրել, որ հենց Հայաստանի նոր տեսակի քաղաքացին է, որ նրանց հուզում է: Մարդը, ով այդ հեռավոր մարզում աշխատանք ունի, ստանում է բարձր աշխատավարձ, վայելում է միջազգային ընկերության բազմազան արտոնությունները՝ ապահովագրություն, աշխատանքի ապահով և արժանապատիվ պայմաններ,որակյալ հանգիստ և սնունդ աշխատավայրում և այլն։ Այդ մարդուն շատ դժվար է նորից ստրկացնելը և մի քանի հազար դրամով ընտրությունների ժամանակ քվեն առնելը։ Էլ չենք ասում , որ համեմատության մեջ տուժում են, օրինակ,  Արսենյանների բիզնեսները, որոնք ստիպված են նույնպես բարձրացնել նշաձողը՝ փոխել, բարելավել աշխատանքի պայմանները, բարձրացնել վարձատրությունը, ապահովագրական երաշխիքներ տալ աշխատողներին՝ անգամ բանվորների։ Փաստորեն, մեկ ամերիկյան, միջազգային չափանիշներով աշխատող ընկերությունը կարող է ոչ միայն հանքարդյունաբերության ոլորտի նշաձողը բարձրացնել, այլ ամբողջ արդյունաբերության ոլորտում նշաձող սահմանել, որը ոչ միայն տնտեսական և սոցիալական այլ նաև, եթե կուզեք, մարդու իրավունքների պաշտպանությանն  առնչվող խնդիր է։  
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.