Գաղտնի համաձայնություն՝ Փաշինյանի ու ՀՀԿ-ի միջև

Հունիսի 21-ին Ազգային ժողովում տեղի էր ունեցել Ընտրական օրենսգրքի նախագծի փոփոխությունների շուրջ առաջին քննարկումը: Ինչպես հայտնի է, Ընտրական օրենսգրքի փոփոխությունների քննարկման նպատակով արդեն իսկ ստեղծվել է երկու հանձնաժողով, որոնցից մեկը բաղկացած է լինելու խորհրդարանական չորս ուժերի ներկայացուցիչներից, մյուսը՝ վարչապետին առընթեր աշխատանքային խումբն է: Ազգային ժողվում Ընտրական օրենսգրքի փոփոխություններով զբաղվող աշխատանքային խմբի առաջին նիստի ավարտից հետո ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը, լրագրողների հետ զրույցում   անդրադանալով ռեյտինգային ընտրակարգի խնդրին, որն, ըստ էության, բախման հիմնական կետն է հանդիսանում այժմ ընդդիմության վերածված ՀՀԿ-ի ու այլ խորհրդարանական ուժերի միջև, հայտարարել է, որ հնարավոր է՝ մարզային ներկայացվածությունը տուժի, ինչի արդյունքում ունենանք միայն Երևանից ներկայացված խորհրդարան: «Դրա համար, եթե ընդունվի 100 տոկոս համամասնական ընտրակարգ, պետք է կուսակցությունները բեռն իրենց վրա վերցնեն և այնպես ցուցակները կազմեն, որ մարզերի ներկայացվածություն լինի: Մյուս տարբերակը՝ կարող է համապետական ռեյտինգային լինել, այսինքն, որ անձին քվեարկում են ոչ միայն իր մարզում: Այն ռեյտինգայինը, որը մենք քննադատում ենք, տարածքներին կցված ռեյտինգայինն է»,-հայտարարել է Էդմոն Մարուքյանը: Մարուքյանի խոսքից հստակ է դառնում, որ ԵԼՔ-ն, ըստ էության, բոլորովին չի բացառում ռեյտինգային ընտրակարգի պահպանման հնարավորությունը՝ մի բան, որն, ըստ էության, կարող է ձեռնտու լինել հատկապես ՀՀԿ-ին՝ հաշվի առնելով որոշ հայաստանան իրողություններ: Ճիշտ է՝ ներկա կարգի պահպանումը բոլոր դեպքերում անհնար է լինելու, բայց այն, որ Մարուքյանը փաստացի խոսում է ռեյտինգային ընտրակարգի պահպանման հավանկանության մասին՝թեկուզ այլ տեսքով, արդեն իսկ փաստում է որոշակի իրողությունների մասին. չի բացառվում, որ կուլիսների հետևում «Ելք»-ն ու ՀՀԿ-ն որոշակի համաձայնության են եկել : Եթե դա այդպես է, ապա այդ դեպքում գլխավոր հարցը, թերևս, կարող է լինել այն, թե ինչի դիմաց է «Ելք»-ը համաձայնել չխոչընդոտել վերափոխված ռեյտինգային ընտրակարգի հնարավոր ընդունմանը, ինչ է ՀՀԿ-ն դրա փոխարեն առաջարկել հեղափոխական իշխանությունների քաղաքական հենարանին, և կամ արդյոք ըստ էության պատային կամ տուպիկային իրավիճակում հայտնված ՀՀԿ-ն, որի անվան հետ են կապվում նաև վերջին օրերի խայտառակ բացահայտումները, սկզբունքորեն կարո՞ղ է ինչ-որ բան առաջարկել: Իրականում ՀՀԿ-ն հեղափոխական իշխանություններին առաջարկելու բան իսկապես ունի, և վերջին օրերի բացահայտումներն ու այդ ամենի նկատմամբ ՀՀԿ ցուցաբերած կեցվածքը պարզորոշ ցույց են տալիս, թե ինչի մասին կարող է այս պարագայում խոսք գնալ. լոյալություն՝ գոնե մասնակի վերարտադրության դիմաց՝ ահա այն հիմնական առաջարկը, որ ՀՀԿ-ն կարող է ներկայացնել Փաշինյանին ու նրա թիմին: Ինչպես Մանվել Գրիգորյանի հետ կատարվածը ցույց տվեց,  այս կուսակցությունը այս կամ այն հարցի վերավերյալ դիրքորոշում հայտնելիս հակված է առաջնորդվել բացառապես պրագմատիզմի սկզբունքով, ու եթե ասենք ինչ-որ ՀՀԿ-ական  մասսայաբար խայտառակվում է  ու «բացահայտվում», ապա կուսակցությունը բնավ չի շտապում հանդես գալ նրա պաշտպանությամբ ու, այսպես ասած, անմիջապես հանձնում է՝ մի վարքագիծ, որը չափազանց ձեռնտու է հատկապես Փաշինյանին. վերջինս խնդիր ունի նվազագույն հակազդեցության պայմաններում իրենց տրամաբանական ավարտին հասցնել հակակոռուպցիոն միջոցառումները, և այս պարագայում ՀՀԿ-ի համապատասխան լոյալությունը կարող է իսկապես նվեր դառնալ հեղափոխությանը՝ ապագա խորհրդարանում տեղեր զբաղեցնելու ակնկալիքով՝ իհարկե: Ճիշտ է՝ ՀՀԿ-ն այժմ բնավ այն իրավիճակում չէ, որպեսզի կարողանա քաղաքական առևտրի մեջ մտնել Փաշինյանի հետ կամ ասենք շանտաժ անել, սակայն բոլոր դեպքերում երկրում կայունության պահպանման ու հակակոռուպցիոն միջոցառումների էֆեկտիվության երաշխավորման տեսանկյունից հեղափոխական իշխանությունների համար կարևոր է խանգարիչ գործոնի բացառումը: Ի դեպ՝ կարծիք կա, որ Վահրամ Բաղդասարյանի անվան հետ կապվող ՎԱԲԱ-ին հարկային արտոնությունների շնորհումը քաղաքական ժեստ է՝ ՀՀԿ-ին՝ փաստելու, որ գործ ունեն ոչ թե էժանագին «վենդետաների» հետ (նկատի է առնվում հակակոռուպցիոն միջոցառումները, որոնց թիրախում հայտնվել են նախկին իշխանություններն  ու նրանց հետ կապված անձիք), այլ՝ անաչառ գործողությունների, ու եթե ինչ-որ մեկը ցանկանում է երկիր «շենացնել», ապա նրա այդ ցանկությունը միանգամայն երաշխավորված պետք է համարել՝ անկախ այն հանգամանքից, թե երկիր «շենցանել» ցանկցողը ՀՀԿ-ական է, թե ասենք կոմունիստ: Ի դեպ՝ բավական խոսուն ազդանշաններ են կարծես գալիս նաև բարիկադների հակառակ կողմից. ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախկին նախարար Վաչե Գաբրիելյանը բարձր է գնահատել  Հայաստանի նոր իշխանության ոգևորությունը՝ հայտարարելով. «Նրանց նախաձեռնությունը և ոգևորությունը ինձ դուր են գալիս` կա եռանդ»: Ակնհայտ է, որ Գաբրիելյանի «սիրո խոստովանությունը» որևիցե պարագայում չի կարելի զգացմունքային պարզ պոռթկում համարել… Norlur.am
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.