Պատրաստ ենք Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումներին. Ա. Ռուստամյան

Մենք պատրաստ ենք «Ընտրական օրենսգրքի» շուրջ քննարկումներին: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։ Նա շեշտեց, որ իրենց կուսակցության համար ռեյտինգային համակարգի վերանայման հարցը առաջնային է համարվում: «Մենք ռեյտինգից ընդհանրապես հրաժարվելու հարցը չենք դնում, պարզապես ռեյտինգի կիրառումն անձնավորված, դասական տրամաբանության մեջ իրականացնելու կողմնակից ենք։ Դա ենթադրում է բաց ցանկերով քվեարկություն ամբողջ հանրապետությունում։ Սա ամենաժողովրդավարական տարբերակն է։ Ընտրողը ոչ միայն կուսակցությանն է ընտրում, այլև այդ ցուցակում իր նախընտրած անձին։ Այսպիսով՝ կուսակցությունը չի որոշում հերթականությունը, թե ով պետք է անցնի, այլ ժողովուրդն է որոշում՝ մանդատները կուսակցության մեջ ում տրվեն»,- ասաց Արմեն Ռուստամյանը: Ինչ վերաբերում է «Ընտրական օրենսգրքում» այլընտրանքին տարբերակ առաջարկվող փակ ցուցակներին, Ռուստամյանն ասաց, որ 2 տարբերակն էլ իրենց համար ընդունելի է. «Ավելի ժողովրդավարական է վերը նշվածը, որովհետև փակ ցուցակի դեպքում մարդն ընտրում է ցուցակը և այլևս չունի հնարավորություն ցուցակի դասավորության մեջ միջամտություն կատարելու»։ Հարցին՝ հնարավո՞ր է, որ ՀՀԿ-ն մնա իր դիրքորոշմանը և հրաժարվի ռեյտինգային համակարգը փոխելու առաջարկից, Ռուստամյանը պատասխանեց, որ այդ դեպքում ՀՀԿ-ն կարող է հայտնվել մեկուսացման մեջ։ «Մենք առաջակում ենք տարբերակ, որը ընդունելի է բոլորի համար՝ ռեյտինգայինից ամբողջությամբ չենք հրաժարվում, այլ դասական ռեյտինգայինն ենք կիրառում։ Ընտրությունը՝ անձի հետ կապված, կատարվում է ամբողջ հանրապետությունով, ոչ թե առանձին վերցրած տարածքներով։ Այս դեպքում կարևորվում են քաղաքական անձինք, այլ ոչ թե տարածքում որոշակի հեղինակություն ունեցողները»,- եզրափակեց Արմեն Ռուստամյանը։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.