Հետաքրքիր է` Ծառուկյանը ե՞րբ էր բարեգործության թեմայով ելել պայքարի, որ հիմա էլ պարտությունն ընդուներ կամ չընդուներ. Գևորգ Պետրոսյան

«Բարեգործության մասին» օրենքի նախագծի քննարկմանը «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հայտարարեց, թե որոշ լրատվամիջոցներ թյուրիմացություն են հրապարակել, թե իբր դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանն ընդունեց պարտությունը և հանձնվեց: «Հետաքրքիր է մի հարց՝ Ծառուկյանը ե՞րբ էր այս թեմայով ելել պայքարի, որ հիմա էլ պարտությունն ընդուներ կամ չընդուներ»,-ասաց նա և նշեց, որ իրականում քանի որ նախագծի հիմքում ընկած կառավարության որոշման տեքստը տարընթերցման տեղիք էր տալիս, կարող էր ոչ համաչափ զսպաշապիկ դառնալ բարեգործների նկատմամբ: Ըստ նրա՝ հետագայում կառավարության հետ եկան համաձայնության, քանի որ տեսնում են, որ ոչ միայն չի վնասում, այլ կարող է նաև օգտակար լինել: «Եթե համակարծիք ենք, ի՞նչ պարտության մասին է խոսքը»,-ասաց նա և հորդորեց, որ չփորձեն ավելորդ բորբոքել կրքեր: «Որովհետև այդպիսին չի լինում, այնտեղ, որտեղ ունենք կարծիք, արտահայտում ենք, որտեղ չկա, չենք արտահայտում»,-ասաց նա: Գևորգ Պետրոսյանը նաև նկատեց, թե իրականությանը չհամապատասխանող պնդում է նաև այն, որ իբր այս նախագիծն իրենց սպառնում է ապագա քարոզարշավի ընթացքում: «Դա նույնպես իրականությանը չհամապատասխանող պնդում է: Մենք ժողովրդի հետ առերեսվելու խնդիր չունենք, «Ծառուկյան» դաշինքի պատգամավորները ժողովրդի հետ ամեն օր հաղորդակցության մեջ են, և որևէ նախագիծ չի կարող իրական բարեգործին հեռու պահել իր որդեգրած քաղաքականությունից, որևէ մեկը ավելորդ ինտրիգ թող ո՛չ փնտրի, ո՛չ էլ հարուցի»,-ասաց նա:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.