/// Մանվել Գրիգորյանով սկսվեց, Մանվել Գրիգորյանով կավարտվի՞

Մանվել Գրիգորյանով սկսվեց, Մանվել Գրիգորյանով կավարտվի՞

Գեներալ Մանվել Գրիգորյանի հետ տեղի ունեցածն, ավելի ճիշտ՝ նրան սեփականության իրավունքով պատկանող տներում ԱԱԾ կատարած հետախուզման արդյունքում հայտնաբերվածն աներևակայելիորեն ցնցել է ոչ միայն ՀՀԿ-ին, որի խմբակցության անդամ է Մանվել Գրիգորյանը՝ նույն Հանրապետականի համար դրանից բխող բոլոր անցանկալի հետևանքներով, այլև ողջ հանրությանը՝ մեծից փոքր, գիտնականից՝ տաքսու վարորդ:

Ի՞նչ է կատարվել: Ըստ էության կատարվել է մեկ բան. դիմակազերծվել է այն կոռուպցիոն համակարգը, որը տարիներ շարունակ գերիշխող է եղել Հայաստանում ու որի վառ ներկայացուցիչներից մեկն էլ, փաստորեն, Մանվել Գրիգորյանն է հանդիսացել: Ընդ որում՝ հասարակական վրդովմունքի ալիքը աներևակայելի բարձր է այն պատճառով, որ կոռուպցիոներների թիրախում տարիներ շաունակ գտնվել  է հայ զինվորը՝ համար մեկ երաշխավորը հայրենյան անկախության ու պետական անվտանգության պահպանման. բանակի նկատմամբ փաստացի գործած հրեշավոր հանցագործությունն է, որ հուզել է  բոլորին ու նույնիսկ շատերին հուսալքության հասցրել՝ կանգնեցնելով անպատասխան մնացած ու այլևս էքզիստենցիալ հարցերի առաջ՝ ո՞վ ենք, ո՞ւր ենք գնում, ո՞րն է իմաստը:

Ճիշտ է՝ դեռևս դատարանի վճիռը չի հնչել, ու Գրիգորյանի գործը դեռ պետք է ընթացք ունենա, որպեսզի հնարավոր լինի վճռակամորեն խոսել կատարված հանցագործության մասին, բաց եթե նույնիսկ ինչ-որ մի հրաշքով հերքվի էլ այս պատմությունն, ապա վստահաբար, նույնիսկ դա այլևս ի զորու չի լինի ազդել հասարակական տրամադրությունների վրա, ու մարդկանց զայրույթն ու ցավը դրանով չի մեղմվի:

Ինչ խոսք՝ տեղի ունեցածին իրավապահները դեռ կհասցնեն գնահատական տալ, ու գործը վաղ թե ուշ կհասնի իր տրամաբանական  հանգուցալուծմանը, սակայն հարցն այստեղ, թերևս, այն է, թե արդյոք բանակում առկա կոռուպցիան միայն Մանվել Գրիգորյանո՞վ է սկսվել ու ավարտվում, թե՞ թալանն այնքան հսկայական է, որ համակարգում ամբողջ կեղտի ջրի երես դուրս գալուց հետո Մանվելի արածը կարող է ընդամենը մանկամտույուն թվալ: Վերջապես մի փոքր անհավատալի է, որ մի ողջ համակարգում, որն ինքնին չափազանց բարդ կառույց է, մեկ մարդով սկսվեր ու ավարտվեր «կոռուպցիա» կոչվածը:

Հարց՝ արդյոք Մանվել Գրիգորյանո՞վ է սկսվում ու ավարտվում գեներալների այն ցանկը, որոնք շարքայինի հաշվին ինչք են կուտակել, դիզել անսահման հարստություն, տասնյակ թանկարժեք մեքենաներից բաղկացած ավտոպարկեր են  ձեռք բերել: Իսկ ո՞վ կարող է երաշխավորել, որ ասենք նույն  Մանվել Գրիգորյանի ընկերոջ՝ ՀՀԿ խմբակցության անդամն հանդիսացող Սեյրան Սարոյանի տանը նունպես զինվորի բաժին չկա, և կամ նույն Վիգեն Սարսգյանի տան «չուլանում» նույնպես ասենք բանակից բերված «կանսեռվաներ» չեն պահվում («կասկածյալներ»՝ որքան ասես)…

Մնում է ուղղակի հույս հայտնել, որ Մանվել Գրիգորյանով սկսված գործընթացը Մանվել Գրիգորյանի վրա կանգ չի առնի, այլ կունենա իր տրամաբանական ու հասարակության կողմից գերպահանջված շարունակությունն, ու ինչպես որ մարդիկ վերջին շրջանում ականատես են դառնում տարբեր ոլորտներում առկա կոռուպցիոն սխեմաների բացահայտմանը, նույն կերպ և ականատես կդառնան բանակում տարիներ շարունակ ձևավորված, անխափան գործող թալանի մեխանիզմի քանդմանն ու վերջնական խայտառակմանը:

Առանց արդարության վերականգնման անհնար է հասարակության մեջ հայրենասիրություն սերմանել կամ խոսել բարձր արժեքներից՝ նամանավանդ հաշվի առնելով տարածաշրջանում տեղի ունեցող անցանկալի պրոցեսներն ու թշնամու անհագ ախորժակը:

Norlur.am

Գրեք մեկնաբանություն և եղեք ակտիվ
By | 2018-06-18T15:01:03+00:00 Հունիսի 18 15:01|Մեկնաբանություն|0 Comments
//
//